կարևոր
364 դիտում, 2 ժամ առաջ - 2024-11-19 12:05
Իրավական

Շնորհակալությունս պայքարի ընկերներիս և փաստաբաններիս. ՀՅԴ Վայոց ձորի կառույցի անդամ

Շնորհակալությունս պայքարի ընկերներիս և փաստաբաններիս. ՀՅԴ Վայոց ձորի կառույցի անդամ

ՀՅԴ Վայոց ձորի մարզի կառույցի անդամ Սուրիկ Հովհաննիսյանը գրում է․

«Հարգելի ընկերներ ինձ համար բավականին դժվար է խոսել այն ապօրինությունների մասին, ինչը տիրում է մեր հայրենիքում: Չեմ կարող անտարբեր լինել և չխոսել զգացմունքներիս մասին: Արդեն տևական ժամանակ է, ինչ ՀՅԴ կուսակցական, անկուսակցական ընկերներով՝ ազգային արժանապատվությունը ամեն ինչից վեր դասող անհատներով լծվել ենք արդար պայքարի: Պարզապես չենք կարող լռել, երբ մեր աչքի առաջ արնաքամ է լինում առանց այդ էլ մեր վիրավոր հայրենիքը: Ցավով եմ ասում, թե ինչպիսի ապօրինի քրեաքաղաքական հետապնդումների և հալածանքների ենք ենթարկվում այսօրվա գործող իշխանությունների կողմից այն բանի համար, որ չենք ընդունում, երբ բզկտում ու պատառ-պատառ են անում մեր հայրենիքը: Փորձում են մեր գիտակցության մեջից վերջնականապես արմատախիլ անել մեր դարավոր ահռելի պատմությունը, փորձում են ստիպել ուրանալու մեր հագևոր ու մշակութային արժեքները և գիտակցաբար տանում են դեպի ինքնասպանության: Խոսքերիս իրավացիությունը հաստատելու համար ձեզ եմ ներկայացնում սույն թվականի հունիսի 14-ին Վայոց ձոր մարզի Եղեգնաձոր համայնքի ոստիկանության բաժնի կողմից ապօրինի շինծու մեղադրանքը: Մեղադրանքի ամբողջ հիմքը ենթադրություններն էին, և այդ քաջնազարային գործունեության արդյունքում ենթարկվեցինք տարաբնույթ հալածանքների՝ գտնվելով թե՛ կալանավայրում, թե՛ կալանքի մեջ:

Ի վերջո շնորհիվ մեր փաստաբանների հմուտ և մասնագիտական քրտանջան աշխատանքի պայթեց այդ փուչիկ գործը: Ես իմ խորհին շնորհակալությունն եմ հայտնում փաստաբաններ Արսեն Բաբայանին, Կառլեն Ավագյանին, ինչպես նաև Արամ Վարդևանյանին, որը մեկ այլ շինծու քրեական գործի շրջանակներում ապացուցեց իմ անմեղությունը: Դուք ձեր դժվար ու պատասխանատու գործի արդյունքում ձեր առաքելությանը անմնացորդ նվիրվելով ցույց տվեցիք ձեր պրոֆեսիոնալիզմը: Շնորհակալություն եմ հայտնում ինձ հետ պայքարի դուրս եկած բոլոր ընկերներիս, և ,իհարկե, ՀՅԴ կառույցի իմ ընկերներին փորձության պահին ինձ մենակ չթողնելու համար:

Հավատացնում եմ, պայքարը դեռ չի ավարտվել»:

Հիշեցնենք՝ Արսեն Բաբայանը հայտնել էր, որ ՀՅԴ Վայոց ձորի մարզի կառույցի ներկայացուցիչ Սուրիկ Հովհաննիսյանը, ով մեղադրվում էր ընդդիմադիր հավաքներին անձանց մասնակցության համար նյութապես շահագրգռելու մեջ՝ արդարացվեց հենց նախաքննության փուլում։

Սուրիկ Հովհաննիսյանն ուղիղ հինգ ամիս ակնհայտ ապօրինությամբ ենթարկվել է քրեա-քաղաքական հետապնդման։ Ուղիղ մեկ ամիս գտնվել է բանտային կալանքում, երեք ամիս տնային կալանքում։