Փոխարժեքներ
18 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.89 |
EUR | ⚊ | € 410.12 |
RUB | ⚊ | ₽ 3.87 |
GBP | ⚊ | £ 491.13 |
GEL | ⚊ | ₾ 142.5 |
Երեկ՝ նոյմեբերի 17-ին, կեսգիշերից կես ժամ առաջ մեդիադաշտ նետվեցին իրար հակասող ու սկանդալային ինֆորմացիներ․ հրաժարականի դիմումներ են ներկայացրել ուժային կառուցների ներկայացուցիչները։
Առաջինը շոշափվեց ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանի անունը, նրան միացան նաև ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի ու ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի անունները։ Անմասն չմնացին նաև ՔՊ-ական պատգամավորներ Նարեկ Զեյնալյանն ու Հովիկ Աղազարյանի անունները։ Իսկ ահա այսօր, դեռ օրը չբացված, պաշտոնապես հաստատվեց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի, ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանի և Արգիշտի Քյարամյանի պաշտոնաթողության մասին տեղեկությունները։
Yerkir.am-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը բացատրեց՝ ինչի՞ հետ են կապված այս փոփոխությունները։ Այստեղ միայն մեկ խնդիր տեսավ՝ իշխանականների բերած օրակարգը բաց է մնացել, այսպես կոչված «Խաղաղության պայմանագրի» հետ կապված էլ անորոշություն է տիրում, որովհետև ՀՀ իշխանություններն իրենց հույսը գլոբալիստների վրա էին դրել։
«ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենից հետո փոխնախագահ Քամալա Հարրիսը պիտի նստեր նախագահի աթոռին։ ՀՀ ներկայիս իշխանություններն էլ կարծում էին ու հույս ունեին, որ կկարողանային օգտագործել այդ իրավիճակն ու շարունակություն տալ «Խաղաղության պայմանագրի» կնքման գործընթացին։ ՔՊ-ականները մեծ հույսեր ունեին, որ այդ պայմանագիրը կստորագրվի մինչև այս տարվա վերջ, սակայն ԱՄՆ նախագահական ընտրություններն այլ ընթացք ստացան․ հաղթեց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ Ոչ ոք չգիտի, թե ի՞նչ փոփոխություններ տեղի կունենան, Թրամփն ի՞նչ քաղաքականություն կվարի Հարավային Կովկասում»,- ասաց նա՝ վստահեցնելով՝ դեպքերի այսպիսի զարգացման պարագայում «Խաղաղության պայմանագրի» ստորագրումն անժամկետ հետաձգվում է: Ընդ որում՝ խոսքը մի քանի ամիսների մասին է։
Քաղտեխնոլոգը վստահ է՝ հիմա Փաշինյանն ուղղակի ուզում է օրակարգ շեղել։ Հարց տվեց՝ անցնող տարիների ընթացքում քա՞նի անգամ է փոխվել այս կամ այն կառույցի ղեկավարը։
«Սրանցից առաջ Արդարադատության նախարարն է փոխվել, ավելի վաղ էլ փոխվել էր նաև Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը։ Ի՞նչ է պատահել. այս անգամ էլ թող այս կամ այն նախարարն ու նախագահը փոխվի»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ժողովուրդը մեկ այլ հարց էլ է բարձրացնում՝ ինչու՞ հենց կիրակի օրով այս փոփոխությունները կատարվեցին, կամ ինչու՞ հենց Վատիկան գնալուց առաջ այս փոփոխությունները եղան, ի՞նչ է եղել մեր երկրում, որ նման փոփոխություններ եղան։
«Ոչ մի բան էլ չի պատահել։ Ինքը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանը,- խմբ․) լավ գիտի, որ մարդկանց մեծամասնության ուշադրությունը նմանատիպ խնդիրների վրա է», - ասաց քաղտեխնոլոգը։
Իսկ մի՞թե սրանով վարչապետ Փաշինյանը փորձում է նոր զիջումների տանել մեր երկիրը, Բադալյանը պատասխանեց՝ ինչո՞վ էր նա շեղում օրակարգը, երբ, օրինակ, հանձնում էր Հայաստանի համար կարևորագույն ռազմավարական նշանակություն ունեցող Կիրանցը։ «Ուզե՞ց՝ տվեց» ,- կարճ պատասխանեց Բադալյանը։