կարևոր
1693 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-03 10:53
Քաղաքական

Ի՞նչ ունեցվածք ունի յուղալի պաշտոններ զբաղեցրած փոխմարզպետը. «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածք ունի յուղալի պաշտոններ զբաղեցրած փոխմարզպետը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի տեղակալ Հարություն Գուլյանը յուղալի պաշտոններ սկսել է ստանալ 2018 թվականից հետո։ Գուլյանը մինչ 2018 թվականը եղել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում որպես հսկիչ, «Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ-ում՝ անվտանգության աշխատակից, իսկ դրանից առաջ՝ մի քանի ՍՊԸ-ներում խորհրդատու վաճառող, եւ այլն:

2018 թվականի շրջադարձերից հետո Երեւանում ծնված եւ մեծացած՝ Արագածոտնի մարզի ներկայիս փոխմարզպետը դարձավ այն ժամանակվա տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի օգնականը, տեղակալը: Համաձայնե՛ք՝ լավ աճ է Մոսկվայի Սերվիսի պետական համալսարանի համաշխարհային տնտեսագիտության ֆակուլտետում սովորող անձի համար։ Նկատենք, որ երբ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ էր Գուլյանը, 2019-2021 թվականներին Երեւանի տնտեսագիտական համալսարանում մագիստրոսական աստիճան է ստացել։ Ջրային կոմիտեում իրեն չգտած փոխմարզպետը վերադարձել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ՝ որպես գլխավոր տնօրենի խորհրդական։

Այդ պաշտոնին էլ երկար չի մնացել եւ 2020 թվականի հուլիսին նշանակվել է Արագածոտնի փոխմարզպետ։ Թվում է՝ ամեն ինչ կարգին է, եւ սա սովորական անհատի կարիերայի աճ է՝ իր բացառիկ ունակությունների եւ տաղանդի շնորհիվ, բայց վաճառողից փոխմարզպետ դարձած Գուլյանը, որը գրեթե ամբողջ կյանքը ապրել է Երեւանում, հանկարծ փոխմարզպետ է դարձել մայրաքաղաքին մոտ մարզում:

Ուշագրավն այն է, որ փոխմարզպետ Գուլյանը հայտարարագրել է 2 բնակարան, 2-ն էլ՝ Երեւանում։ Բազմաբնակարան շենքում գտնվող բնակարաններից առաջինը ձեռք է բերել 2013 թվականին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, երբ «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ում մենեջեր էր աշխատում։ Երկրորդ բնակարանը ձեռք է բերել պաշտոնավարման տարիներին՝ 2021 թվականին, Աջափնյակ վարչական շրջանում, երբ արդեն զբաղեցնում էր փոխմարզպետի պաշտոնը։

Ստացվում է, որ փոխմարզպետը մասնակցում է մարզի ղեկավարման գործընթացին, բայց իր իսկ ղեկավարած մարզում չի ապրում եւ չի պատկերացնում իր ապագան։ Տեղեկացնենք, որ 2016 թվականին Գուլյանը գնել է 2012 թվականի արտադրության, Suzuki մակնիշի մեքենա։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 հազար եվրո եւ 16 հազար դրամ, էլեկտրոնային հաշիվները եւ կրիպտոարժույթները կազմել են 133 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 1 մլն 300 հազար դրամ։ Փոխնախարարի՝ 2022 թվականի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 16 մլն 283 հազար դրամ, որից 10 մլն 441 հազարը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմից։ Եկամուտներից 600 հազար դրամն էլ վարկ է «Եվրոպոլիգրաֆ» ՓԲԸ-ից։

Գուլյանի կինը՝ Աննա Հովսեփյանը, հանդիսանում է «Մեյջոր Փարթներս» ՓԲԸ-ի տնօրենը, իսկ ամուսինն այդ կազմակերպությունից վարձակալության դիմաց ստացել է 1 մլն 800 հազար դրամ։ Ստացվում է, որ կինն այնպես է արել, որ կազմակերպությունից ստացած եկամուտները անիմաստ չկորչեն եւ կրկին վերադառնան ընտանեկան բյուջե։ Նույն կազմակերպությունից Գուլյանը 1 մլն դրամ վարկ է վերցրել, եւ երեւի ինքն էլ վարկի ամսական մարման գումարը կնոջն է տալիս։ Գուլյանը ՊԵԿ-ից եւս գումար է ստացել՝ 2 մլն 441 հազար դրամ, որն էլ, ըստ երեւույթին, եկամտահարկի վերադարձ է վերջում գնած բնակարանի հիփոթեքի մայր գումարը վճարելու համար։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարը կազմել է 36 մլն 380 հազար դրամ՝ 81 հազար եվրո, 2 մլն դրամ եւ 250 հազար դրամ։

Տեղեկացնենք, որ կնոջ բանկային հաշիվների մնացորդները կազմել են 980 հազար դրամ։ Պարզվում է, որ Գուլյանի կինն էլ աշխատում է ՀՀ ՊԵԿ-ում, որտեղից էլ հաշվետու տարում աշխատանքի վարձատրության դիմաց ստացել է 3 մլն 514 հազար դրամ:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում