Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հրապարակը» գրում է․ Երեկ՝ կեսօրից հետո, ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ շոու են բեմադրել Պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղում` 20 հոգու բերման են ենթարկել․ տնօրենին, նրա տեղակալին, ամբիոնի վարիչների, հաշվապահին, դասախոսների, անգամ՝ ուսանողների: Բերման է ենթարկվել նաեւ ռեկտորը` Լեռնիկ Պետրոսյանը, որը մի քանի օր առաջ արդեն ազատվելու դիմում էր ներկայացրել: Մեր աղբյուրները հայտնեցին, որ Հակակոռուպցիոն կոմիտեում ինչ-որ գործ է քննվում` տարբեր մեղադրանքներ են ներկայացվել բուհի աշխատողներին եւ ուսանողներին: Իբրեւ թե` ուսանողները դասի չեն հաճախել, բայց քննություն, ստուգարք են ստացել: Ինչ-որ ֆինանսական չարաշահումների մեղադրանք էլ կա: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը, որի հրամանով նշանակվում է Կապանի մասնաճյուղի տնօրենը, մեզ հետ զրույցում ասաց, որ Լեռնիկ Պետրոսյանը սեպտեմբերի 23-ին, սեփական դիմումի համաձայն, ազատվել է աշխատանքից, եւ նշեց, թե մասնաճյուղի աշխատակիցներից է իմացել, որ իրավապահները գործողություն են իրականացնում Կապանի մասնաճյուղում։
«Պաշտոնապես որեւէ տեղեկություն չունենք, մասնաճյուղի աշխատակիցներից ենք իմացել, որ ուժայինները գործողություն են իրականացնում մասնաճյուղում»,- ասաց նա։ Նկատենք, որ Կապանի մասնաճյուղի ռեկտորին նշանակելու հարցում դերակատարում է ունեցել ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանի միջնորդությունը: Իսկ Սյունիքում իշխանությունը երկու թեւի է բաժանված․ մարզպետը` իր մտերիմ համայնքապետերի ու իր նշանակած պաշտոնյաների հետ, մյուս թեւում Դավիթ Դանիելյանն է, Գեւորգ Փարսյանը եւ այլ պաշտոնյաներ:
Հ.Գ Ուշ երեկոյան տեղեկացանք, որ բուհից հետո խուզարկել են նաեւ ռեկտորի տունը: Երեկվա տվյալներով ռեկտոր Լեռնիկ Պետրոսյանը, տեղակալը՝ Տիմեյա Աղամյանը, հաշվապահը, ինչպես նաեւ ռեկտորի քեռու կինը՝ Անիկ Խաչատրյանը ոստիկանության Կապանի ՁՎՊ են տեղափոխվել։