կարևոր
3775 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-15 22:59
Քաղաքական

Գետինն եմ մտնում, որ չենք կարողանում այդ խայտառակագույն անարդարությանը վերջ տալ. Գեղամ Մանուկյան

Գետինն եմ մտնում, որ չենք կարողանում այդ խայտառակագույն անարդարությանը վերջ տալ. Գեղամ Մանուկյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը խելագարության աստիճանի մանրախնդիր քինախնդրություն է համարում Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը.

«Դա նիկոլական քինախնդրություն է: Ուրբաթ օրը Տիգրան Աբրահամյանի հետ այցելել էինք Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին. ծննդյան օրն էր: 2.5 տարի է՝ Արզումանյանը նստած է, և ասում են՝ մինչև վկաներին չլսենք, խափանման միջոցը չի փոխվի, իսկ իր գործով 162 վկա կա: Արզումանյանն ասում է՝ փաստաբանս հաշվել է, որ 13.5 տարի հետո նոր վկաների ցուցմունքները կվերջանան, իսկ այն հոդվածը, որը մեղսագրվում է, ամենաշատը 13 տարին է: Արդեն երկրորդ տարին է՝ Արմեն Աշոտյանին պահում են: Ամեն անգամ Մամիկոն Ասլանյանի մոտ այցի գնալիս՝ գետինն եմ մտնում, որպես մարդ՝ գետինն եմ մտնում: Լուրջ, գետինն եմ մտնում, որ չենք կարողանում, ի վերջո, այդ խայտառակագույն անարդարությանը վերջ տալ: Մարդկային հարց կա նաև՝ Մամիկոնի որդին և իմ աղջիկը նույն կուրսում են սովորում: Մարդը հասկանում է, որ քամվում է, ընտանիքից զրկված, արդեն երեք տարի, իսկ պահանջն է, որ մի թուղթ ստորագրի, մի օրվա մեջ կհանեն: Ասում է՝ չէ, սկզբունք ունեմ, չեմ ստորագրի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Գեղամ Մանուկյանի խոսքով՝ միջազգային խաղացողները լուռ են հետևյալ պատճառով. «Ամերիկացին խոսք ունի՝ շանորդի, բայց մեր շանորդի, իհարկե, անգլերեն մի քիչ ավելի կոպիտ է հնչում: Հիմա ի՞նչ ժողովրդավարություն, ի՞նչ բան, պարզապես ձեռնտու է, հակառուսական տրամադրություններով է Հայաստանը, ասում են՝ մեր շանորդին է, աչք կփակենք. դատական անկախություն, քաղբանտարկյալներ, ոստիկանական բռնություն, ցուցարարների դեմ ամեն մի անթույլատրելի միջոց կիրառել, տասնյակներով բանտարկել»:

Հարցին՝ հիմա, եթե ժողովուրդն իր խոսքն ասի, նույն ԱՄՆ-ը հե՞տ է կանգնելու իր քաղաքականությունից, նա պատասխանեց. «Այո, ցավով կողջունի, բայց կհասկանա, որ իր շանորդին այլևս չի պաշտոնավարում»:

Նրա խոսքով՝ երբ գերտերությունները որևէ երկրում որոշում են՝ ով լինի իշխանություն, ստացվում է այնպիսի իշխանություն, ինչպիսին այս պահին Հայաստանում է. «Այդ դեպքում այլևս սեփական երկրի շահը չի սպասարկելու այդ իշխանությունը: Պետք է կույր լինել՝ չարձանագրելու համար, որ աշխարհաքաղաքական գործոնը դեր ունենում է, բայց այս իրավիճակում իշխանափոխությունը Հայաստանում, նոր իշխանության ձևավորումը միայն հայ ժողովրդի շահերից է: Մի քանի օր առաջ էր քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը հոդված գրել, որ իրականում այսօրվա ընդդիմությունը լոկ սեփական ժողովրդի շահն է սպասարկում և կարող է շատ օտար խաղացողների, ուժային կենտրոնների ձեռք չտալ, որովհետև մենք այսօր Հայաստանում գործ ունենք մի իշխանության հետ, որը թեթևսոլիկ կանանց պես բոլորին խոստանում և բոլորի ցանկությունները բավարարում է»:

Գեղամ Մանուկյանը նկատեց՝ գործող իշխանության ամենամեծ դիվանագիտական կրախը 2018 թվականից հենց այն է, որ վստահելի գործընկեր չեն. «Բոլորն էլ հասկանում են, որ ամեն տեղ մի բան խոստանում է»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Հ.Գ. Հաղորդումը տեսագրվել է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի փոփոխման որոշումից առաջ։