կարևոր
3088 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-14 20:26
Հասարակություն

Դատապարտում ենք հավաքի մասնակիցների և լրագրողների նկատմամբ ակնհայտ անհամաչափ ուժի կիրառումը․ «ՀՈՐՈՎԵԼ»

Դատապարտում ենք հավաքի մասնակիցների և լրագրողների նկատմամբ ակնհայտ անհամաչափ ուժի կիրառումը․ «ՀՈՐՈՎԵԼ»

«ՀՈՐՈՎԵԼ» արհեստակցական կազմակերպությունների միությունը խստորեն դատապարտում է սույն թվականի հունիսի 12-ին Ազգային Ժողովի շենքի հարեւանությամբ խաղաղ հավաքի մասնակիցների և լրագրողների նկատմամբ ակնհայտ անհամաչափ ուժի կիրառումը, անձանց նկատմամբ ցուցաբերված ոստիկանական կամայականությունները, հատկապես մարդու անձեռնմխելիության, արժանապատվության եւ անձնական ազատության իրավունքների կոպտագույն  և չարդարացված խախտումները։ Այս մասին նշված է միության տարածած հայտարարությունում։

«Միությունը փաստում է, որ առանց նախազգուշացման եւ առանց հավաքի խաղաղ մասնակիցների եւ ենթադրյալ ապօրինի վարքագիծ դրսեւորող անձանց տարանջատման, մարդկանց խիտ խմբերում լուսաձայնային նռնակների կիրառումը ծայրագույնս անպատասխանատու քայլ է, որը դրսեւորվում է նրանում, որ զանգվածային հավաքների ժամանակ խուճապի առաջացմանն ուղղված, էության մեջ ահաբեկման գործիքակազմի կիրառումը կարող էր այնպիսի անկառավարելի իրավիճակի հանգեցնել, երբ առաջանային շատ ավելի ծանր, անդառնալի հետեւանքներ, քան նրանք, որոնք առաջացան, թեեւ դրանք էլ, իրենց հերթին, չէին առաջանա, եթե ոստիկանությունը հանցավոր հրամանների փոխարեն մեկուսացներ հավաքի վայրից ենթադրյալ իրավախախտներին եւ ապահովեր հավաքի խաղաղ եւ բնականոն ընթացքը.

Միությունը խստորեն դատապարտում է ոստիկանության ծառայողների կողմից ցուցաբերված այն վարքագիծը, երբ բռնություն կիրառելուն զուգահեռ կամ դրանից առանձին ոստիկանության ծառայողները, այդ թվում՝ ոստիկանապետը վիրավորական արտահայտություններ են թույլ տալիս հավանքների մասնակիցների նկատմամբ, իսկ հայհոյանքի դեպքում՝ ոստիկանական ծառայողները՝ անկախ առիթից, իրենք են կատարում խուլիգանություն, ինչը քրեորեն պատժելի արարք է եւ որեւէ արդարացում չի կարող ունենալ իրավական պետությունում.

Միությունը գտնում է, որ միայն հիշյալ խաղաղ հավաքի մասնակիցների գերակշիռ մասի և հավաքի ղեկավարների զսպվածության և կազմակերպվածության շնորհիվ է, ինչպես նաեւ երջանիկ պատահականությամբ է, որ չառաջացան 2008 թվականի մարտի մեկին ի հայտ եկած ծանրագույն հետեւանքներ, եւ իր խորը մտահոգությունն է հայտնում այն թեթեւամտության եւ հանցավոր ինքնավստահության առնչությամբ, որոնցով քաղաքական գործիչները, որոնք մեծ հաշվով իրենց հեղինակությունը խարսխել էին հատկապես նաեւ 2008 թվականի մարտի մեկի ողբերգական իրադարձությունների վրա, առանց վարանելու արձակում են ապօրինի հրամաններ, իսկ նրանց ենթակա ոստիկանությունն անհամաչափ, բիրտ ուժ է կիրառում խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ, թեեւ նրանք գիտակցում են կամ պարտավոր են գիտակցել հնարավոր ծանրագույն հետեւանքների առաջացումը»,- ասվում է հաղորդագրությունում։