կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-04 17:40
Քաղաքական

ՀՅԴ Ռուսաստանի Կազմակերպության Պատասխանատու Մարմինը դատապարտում է ՀՀ ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառումը ՀՅԴ ՀԵՄ-ի հանդեպ

ՀՅԴ Ռուսաստանի Կազմակերպության Պատասխանատու Մարմինը դատապարտում է ՀՀ ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառումը ՀՅԴ ՀԵՄ-ի հանդեպ

ՀՅԴ Հայ դատի Մոսկվայի գրասենյակը՝ հանձինս ՀՅԴ Ռուսաստանի «Լևոն Շանթ» ուսանողական-երիտասարդական միության և ՀՅԴ Ռուսաստանի Կազմակերպության Պատասխանատու Մարմնի, ըստ Yerkir.am-ի, հայտարարություն է տարածել, որում դատապարտում է ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպում պահանջող երիտասարդների և ուսանողության հանդեպ ՀՀ ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառումն ու ոչ իրավաչափ վերաբերմունքը:

Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է.

«Խստորեն դատապարտում ենք ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպում պահանջող երիտասարդների և ուսանողության հանդեպ ՀՀ ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառումն ու ոչ իրավաչափ վերաբերմունքը: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի խաղաղ հավաքների միջոցով իր դժգոհություններն ու բողոքները հայտնել ոլորտի պատասխանատուներին, ինչի փորձը այսօր արվեց ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության կողմից: Սակայն երիտասարդների խաղաղ հավաքի դեմ ոստիկանությունը կիրառեց անհամաչափ բռնի ուժ, որի պատասխանատվությունը, որպես ՀՀ ուժային կառույցների անմիջական ղեկավար, կրում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: Իշխանությունների նմանատիպ հակաժողովրդական մոտեցումն ու պահվածքը հանրապետությունում հաստատում են անպատժելիության, վախի և բռնության մթնոլորտ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է գիտակցի, որ բռնությունը բռնություն է ծնում: Նաև պարտավոր է հասկանալ, որ կան կարմիր գծեր, որոնց ոտնահարումը չի ներվել և չի ներվելու ոչ մեկի: Հայոց Լեզվի, Հայոց պատմության և Հայ Առաքելական Եկեղեցու հանդեպ բացառիկ վերաբերմունքն ու պաշտպանությունը Հայաստանի բոլոր իշխանությունների սրբազան պարտքն է:

ՀՅԴ Ռուսաստանի կազմակերպության անունից պահանջում ենք ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ականջալուր լինել հանրության արդար պահանջին և հրաժարվել այնպիսի քայլերից, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով հարվածի տակ են առնում ազգային արժեհամակարգն ու ինքնությունը: Պահանջում ենք հրաժարվել կրթության և մշակույթի ոլորտում իրականացվող ապազգային քաղաքականությունից: Խստորեն դատապարտում ենք և պահանջում ոստիկանության գործողություններին տալ համապատասխան իրավական գնահատական»:

Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ նշված օրինագիծը չեղարկելու և այլ պահանջներով երեկ՝ դեկտեմբերի 3-ին, ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպում նախաձեռնած ՀՅԴ ՀԵՄ ցուցարարների հանդեպ Ոստիկանությունը բռնի ուժ էր  կիրառել․ 24 խաղաղ ցուցարար բերման էր ենթարկվել․ 19-ին տեղափոխել էին Ոստիկանության Կենտրոնի բաժին, 5-ին՝ Էրեբունու բաժին։

Մինչ այդ ՀՅԴ ՀԵՄ-ը 15-օրյա նստացույց և բողոքի քայլերթեր էր իրականացրել Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով, քանի որ նրանց համոզմամբ՝ կրթության ոլորտի քաղաքականությունը նախարարը ձախողել է։