կարևոր
1987 դիտում, 1 ամիս առաջ - 2024-06-13 16:47
Հասարակություն

Երկրի ներսում պատերազմ հայտարարած որևէ իշխանություն չի կարող խաղաղություն բերել իր երկրին. Դիվանագետների համահայկական խորհուրդ

Երկրի ներսում պատերազմ հայտարարած որևէ իշխանություն չի կարող խաղաղություն բերել իր երկրին. Դիվանագետների համահայկական խորհուրդ

Դիվանագետների համահայկական խորհուրդը խստագույնս դատապարտում է հունիսի 12-ին խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանական ուժերի կողմից ակնհայտ սադրանքը, բիրտ ու անհամաչափ ուժի կիրառումը, մարդկանց անօրինական առևանգումը և զանգվածային ձերբակալությունները, կանանց, անչափահասների, տարեցների ահաբեկումն, ինչպես նաև իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների հանդեպ իրականացված դաժան բռնությունները։

«Տարբեր կարգի մարմնական վնասվածքներ են ստացել հարյուրից ավելի քաղաքացիներ։ Ակնհայտ է, որ ներկայիս վարչախումբը վեջնականապես որդեգրել է ամեն գնով սեփական իշխանությունը պահպանելու բռնատիրական ուղին։ Արձանագրում ենք, որ ոստիկանական ուժերի կողմից հատուկ միջոցների կիրառումն սկսեց այն բանից հետո, երբ Շարժման առաջնորդը հանդիպման հրապարակային առաջարկություն արեց գործող իշխանություններին։

Սա ևս մեկ անգամ ապացուցում է այն փաստը, որ մերժելով երկխոսությունը՝ Փաշինյանն անդառնալիորեն խզել է կապը ժողովրդի հետ և չեղարկել ՀՀ քաղաքացիների հետ իր իսկ հռչակած քաղաքացիական պայմանագիրը։ Երկրի ներսում պատերազմ հայտարարած որևէ իշխանություն չի կարող խաղաղություն բերել իր երկրին։

Հենց սրա մասին էր Դիվանագետների համահայկական խորհուրդը ահազանգել Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա ներկայացուցչություններին և միջազգային կազմակերպություններին, ինչպես տարբեր հայտարարություններով, այնպես էլ դեսպանությունների հետ ընթացող շարունակական հանդիպումների ընթացքում։

Հունիսի 12-ին տեղի ունեցածը նաև վերոհիշյալ ներկայացուցչությունների, միջազգային կառույցների, իրավապաշտպան զանազան կազմակերպությունների համարժեք արձագանքի բացակայության արդյունք էր։ Ակնկալում ենք մեր միջազգային գործընկերների սկզբունքային կեցվածքը՝ հանուն ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության»,-ասված է հայտարարության մեջ։