Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դաշնակցական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Հովհաննես Ավագյանի նախագահությամբ, բավարարել է Սարգսյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է նրա պաշտպան Մկրտիչ Դավթյանից։
Փաստաբանի գնահատմամբ, սակայն, կալանքի երկարացման միջնորդությամբ որևէ նոր հանգամանք, որևէ հիմնավորում չի ներկայացվել, նույն «աբսուրդ»-ն էր, միայն միացվել է գործին ևս մեկ դրվագ՝ 2022թ․ անձնական վիրավորանքով պայմանավորված իբրև պայթուցիկ տեղադրելու վերաբերյալ, թե մեկնաբանություն էր ուղարկել՝ «Սա դեռ սկիզբն է, տեսեք ինչ եմ անում ձեզ»։
«Հարցնում եմ՝ ինչ կապ ունի, ասում են՝ դրանով Գագիկ Սարգսյանին մեղադրանք չենք առաջադրել, ասում եմ՝ բա ինչու եք կցել գործերին, ասում է՝ կապ չունի։ Կապ չունի, ջանասիրությու՞ն են ցույց տվել, այդ նույն տարբերակով՝ ուրիշ քրեական գործեր էլ բերեիք կցեիք»,- նշեց փաստաբանը՝ հիշեցնելով նաև գործում նկագարության այն դրվագը, որում նշվել է, թե իբրև «ռուսամետ ուժեր» զինված հեղաշրջում են փորձել անել, ապա՝ նկատեց, որ դա հանցագործության մասին փաստի արձանագրում է ենթադրում և քննիչից հետաքրքրվել էր, թե արդյո՞ք այդ մասով որևէ անձի մեղադրանք ներկայացվել է, սակայն քննիչը նշել է, թե նախաքննական գաղտնիք է, այդ դեպքում էլ՝ հարց է առաջանում, թե ինչու է դա ՝ 500 էջում կցվել։
Փաստաբանը նաև ուշադրություն հրավիրեց Էդգար Պետրոսյանի ցուցմունքների հակասությունը։ Մասնավորապես, վերջինս լրացուցիչ հարցաքննությամբ ասել է, թե միայն ինքը և Արշամ Գալստյանն են իմացել պայթուցիկ տեղադրելու ծրագրի մասին, իրենցից բացի ոչ ոք չգիտեր։
«Բա որ չգիտեր, բա Գագիկ Սարգսւյանի անունը, որ տալիս են, նա ինչ կապ ունի այս գործի հետ։ Հիմա այս հակասությունն ինչպես է լուծվելու։ Մարդը ստում է, այդ սուտը վերցրել են՝ առանց բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ ապացույցը հետազոտելու, այլ ապացույցներ գտնելու՝ փորձելու հիմնավորել։ Այդ մարդն ասում է, թե գնացել է Գագիկ Մելքոնյանի տունը պայթուցիկ նետել, մինչդեռ, այլ անձի տուն է գնացել, մի ցուցմունքով ասում է՝ պատից է կախել, մյուս ցուցմունքով՝ գցել է պայթուցիկը։ Եթե մարդն իր գործողությունները նկարագրում է և այդ գործողությունը մի ցուցմունքով այլ գործողություն է, մյուս ցուցմունքով՝ մեկ այլ, ապա պետք է արժանահավատությունը գնահատել, որովհետև այդ մեկ անձը բոլորի մասին ցուցմունք է տվել, փաստեր է նշել, որոնք մեղադրանքների հիմքում են դրվել, ոչ մեկին չի ճանաչում, բայց բոլորի մասին ցուցմունք է տվել»,- ասաց փաստաբանը։ Բացի այդ, հակասություններ կան նաև ցուցմունքների՝ պայթուցիկ սարքերի պայթել-չպայթելու վերաբերյալ։ Մասնավորապես, ըստ մեղադրանքի, Գագիկ Սարգսյանը և Գ․ Վ․-ն իբրև միասին են կազմակերպել՝ պատճառաբանելով միմյանց միջև հեռախոսային կապը, մինչդեռ, Գ․ Վ․-ն իբրև նամակ է գրել՝ «Լա՞վ պայթեց ձեր ՔՊ գրասենյակը, ձեզ էլ ենք նույնը անելու», սակայն այդ դեպքում Գ․ Վ․-ն նման նամակ չէր թողնի, քանի որ կազմակերպիչ լինելու և միմյանց հետ կապի մեջ լինելու դեպքում կիմանար, որ այդ հատվածներում պայթուցիկը չէր պայթել։ Դատարանին է ներկայացվել Արշամ Գալստյանի հետ բարեկամական կապը՝ քավոր-սանիկ հարաբերությունները։
«Արշամի որևէ ցուցմունք չկա։ Էդգարն իր ուզած թեմայով ինչ երգում է, դա էլ՝ հիմք են ընդունում։ Ինչպես են մեկ անձի ցուցմունքի հիման վրա մեղադրանք ներկայացնում, մեկ զանգն ընդունում որպես ապացույց»,- ասաց նա։
Բացի այդ, քննիչը նաև դատարանին միջնորդել էր՝ սահմանափակումներ մտցնել Գագիկ Սարգսյանի շփումն՝ արտաքին աշխարհի հետ՝ հեռախոսազանգերը, թեև պաշտպանի պնդմամբ՝ որևէ ապացույց չի ներկայացվել, որ Գագիկ Սարգսյանը խոչընդոտել է գործի քննությանը։
«Այսինքն՝ եթե քննիչ եք, կարող եք ամեն ինչ պահանջել։ Ձեզ համար ձեր քմահաճույթը, սուբյեկտիվ ցանկությունն ավելին է, քան՝ օրենքը։ Ասում է՝ Գագիկ Սարգսյանը հրաժարվեց ԴՆԹ փորձաքննության համար նմուշ տալ՝ դրանով խախտելով օրենսդրությամբ սահմանված նորմը, որով նա պարտավոր է փորձաքննության համար տրամադրել համապատասպան ելակետային տվյալները, մինչդեռ, նա իրավունք ունի առարկելու քննիչի գործողությունների դեմ, ինչպես նաև՝ հրաժարվելով ԴՆԹ նմուշ տալուց՝ գրել է՝ օգտվելով Սահմանադրությամբ երաշխավորված իր իրավունքից՝ չենթարկվելու փորձաքննությամբ։ Նա չի ասել, որ հրաժարվում է, նշել է, որ այս պահին է հրաժարվում ենթարկվել փորձաքննության, քանի որ այդ պայթուցիկները քանդվել է պահակների կողմից, մի քանի անձինք առնչություն են ունեցել դրանց հետ, այդտեղ առկա կլինեն և պահակների, և Գուրգեն Արսենյանի, և մյուս անձանց հետքերը, խնդրել է, որ բոլոր այդ անձինք փորձաքննություն անցնեն, եթե բացառվի, ապա մենք ևս կմասնակցենք»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ չեն վստահում քննությանը և վստահ չեն, որ ԴՆԹ նմուշ տալու դեպքում այն կարող է հետագայում հայտնվել պայթուցիկի վրա։
Հիշեցնենք, որ մարտի 13-ին ԱԱԾ հատուկջոկատայինները ներխուժել են Գագիկ Սարգսյանի տուն, և, ինչպես հայտնել է նրա որդին, խուզարկել են տունը, տակնուվրա արել ամբողջությամբ, ապա՝ ձերբակալել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Գագիկ Սարգսյանը ձերբակալվել է «ՔՊ»-ական Գագիկ Մելքոնյանի և ՔՊ գրասենյակի մոտ պայթուցիկ նյութերի հայտնաբերման դեպքով, որը ՔԿ-ն որակել է որպես ահաբեկչական գործողություն։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հովհաննես Ավագյանի նախագահությամբ, մարտի 14-ին մասնակի բավարարել է Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը՝ թույլատրելով կալանավորումը մեկ ամսով։ Այդ գործով հետապնդում է իրականացվում ևս երեք անձի նկատմամբ, որոնցից երկուսը կրկին կալանավորված են։ ՔԿ-ն հայտնել է ևս մեկի անձի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին։
Աղբյուր` Փաստինֆո