կարևոր
3940 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-07 12:50
Քաղաքական

ՀՀ ԱԳՆ-ն պատրաստակամություն է հայտնել՝ ստորագրելու, այսպես կոչված, խաղաղության համաձայնագիրը

ՀՀ ԱԳՆ-ն պատրաստակամություն է հայտնել՝ ստորագրելու, այսպես կոչված, խաղաղության համաձայնագիրը

Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Հայաստանի Հանրապետությունը չունի տարածքային պահանջներ իր որևէ հարևանից, այդ թվում և` Ադրբեջանից:

ՀՀ Սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018 թվականից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում ենք որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին:

Միաժամանակ համարում ենք, որ նման խոսույթը տորպեդահարում է խաղաղության գործընթացը և կասկածի տակ է դնում Ադրբեջանի ղեկավարության՝ խաղաղության հասնելու անկեղծությունը:

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցվող Խաղաղության համաձայնագիրը հստակորեն ամրագրում է, որ Կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և տարածքային պահանջներ չունեն միմյանց նկատմամբ: Խաղաղության համաձայնագրի նախագծում համաձայնեցված դրույթ կա նաև այն մասին, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը Խաղաղության համաձայնագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար:

Համաձայնագրի ստորագրումը և ներպետական ընթացակարգերով վավերացումը վերջնականորեն կամրագրեն այս սկզբունքները:

Ըստ այդմ համարում ենք, որ Կողմերի բոլոր մտահոգությունները փարատելու ամենահստակ և ուղիղ ճանապարհը հենց Համաձայնագրի ստորագրումն է, որով երկարաժամկետ խաղաղության էջ կբացվի Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ»: