Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հարգելի՛ ժողովուրդ,
Տավուշի մարզում Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների անվան տակ տեղի են ունենում միակողմանկի զիջումներ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ եթե այդ զիջումները չարվեն, ապա պատերազմ կլինի՝ տողատակում կանխորոշելով մեր անխուսափելի պարտությունը։ Սա ուղղակիորեն սեփական ժողովրդի ահաբեկում է նշանակում:
Այս հարցն ունի երկու կողմ՝ իրավական և անվտանգային:
Հայաստանի տարածքների վերաբերյալ ցանկացած փոփոխություն կարող է լինել բացառապես հանրաքվեի միջոցով: Որևէ այլ տարբերակ կնշանակի Սահմանադրության խախտում՝ դրանից բխող հետևանքներով: Օրվա իշխանությունների վարքագծի մեջ կարելի է տեսնել Սահմանադրության կոպիտ խախտման դրսևորումներ՝ ուղղված ոչ միայն ՀՀ տարածքային ամբողջականության, այլ նաև մեր քաղաքացիների շահերի դեմ:
Անվտանգային մասով․ Փաշինյանը միակողմանի զիջումների դեպքում որևէ երաշխիք չի տալիս, որ Ադրբեջանը չի հարձակվի կամ միակողմանի նոր զիջումներ չի պարտադրի։ Ըստ Փաշինյանի՝ եթե մենք զիջենք, ապա ընդամենը կապահովագրվենք այնքանով, որ Ադրբեջանի նոր հարձակումը լեգիտիմ չի լինի, և միջազգային հարթակներում հնարավորություն կունենանք լեգիտիմ ձևով բողոքել։
Մեզ փորձում են համոզել, որ եթե զիջումների գնանք, ապա միջազգային հանրությունը տեր կկանգնի մեզ։ Դե երևի այնպես, ինչպես Արցախի հարցով տեր կանգնեց։
Փաշինյանը հայտարարում էր, որ եթե Արցախի կարգավիճակի հարցում մենք իջեցնենք մեր պահանջների նշաձողը, ապա մեզ խոստանում են արցախահայության անվտանգության ապահովում և իրավունքների պաշտպանություն։ Նա Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս՝ այդպիսով դրժելով իր իսկ նախընտրական խոստումը և իջեցնելով կարգավիճակի նշաձողը մինչև զրոյական կետ։ Դրան հաջորդեց Արցախի կորուստն ու արցախահայության էթնիկ զտումն իր դարավոր բնակավայրից։ Միայն սա բավարար է, որպեսզի Փաշինյանի 2021 թվականի ընտրական լեգիտիմությունը համարենք զրոյացած: Եթե արցախյան ողբերգությունը չլիներ, ապա այսօր Տավուշի հարցը չէր առաջանա։
Հիմա Փաշինյանը գրեթե նույն բանն է անում Տավուշի հարցում, ինչ արեց Արցախի դեպքում։ Ասում է՝ եկեք հանձնենք, որ ավելի անվտանգ լինենք: Կիրանցիներին էլ խորհուրդ է տալիս ադրբեջանցիներին չտեսնելու համար... ծառեր տնկել դպրոցի մերձակայքում: Եվ դա այն դեպքում, երբ Ադրբեջանը չի թաքցնում իր ծավալապաշտական նկրտումներն ամբողջ Հայաստանի նկատմամբ։ Փաշինյանի պարտվողական ու ոչ լեգիտիմ քաղաքականությունն էլ իր հերթին սպասարկում է Ալիևի այդ օրակարգը։
Ակնհայտ է, որ Տավուշում արվող զիջումներից հետո հարվածի տակ են հայտնվելու մեր մյուս մարզերն ու ի վերջո Երևանը։ Այսինքն՝ կիրանցիները, ոսկեպարցիները, բաղանիսցիները պայքարում են ոչ միայն իրենց սեփականության վկայականով պաշտպանված հողակտորների, այլ նաև ամբողջ Հայաստանի համար։
Հարգելի՛ քաղաքացիներ,
«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն աջակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանն ու կիսում վերջինիս առաջ քաշած պահանջները՝ դեմ արտահայտվելով միակողմանի զիջումներին և կողմ լինելով իրական խաղաղություն ապահովող բանակցային գործընթացին:
«Մայր Հայաստանը»՝ որպես մայրաքաղաքի ավագանիում ներկայացված և ժողովրդից առաջնային մանդատ ստացած ուժ, կոչ է անում Երևանի, ինչպես նաև Հայաստանի բոլոր քաղաքների ու գյուղերի ավագանու իշխանական ու ընդդիմադիր անդամներին հստակ դիրքորոշում հայտնել Տավուշում և ընդհանրապես Հայաստանի շուրջ տեղի ունեցողի վերաբերյալ։
«Դեմ ենք սահմանազատման, սահմանագծման անվան տակ և ուժի կիրառման սպառնալիքի ներքո տեղի ունեցող միակողմանի զիջումներին»։ Այս կարճ ու հստակ հայտարարությունն է պահանջվում Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Սյունիքի, Կոտայքի, Շիրակի, Լոռվա, Արմավիրի, Տավուշի, Արագածոտնի, Արարատի մարզերի համայնքները ներկայացնող մեր գործընկերներից՝ ավագանու անդամներից։
Հարգելի՛ գործընկերներ, միացե՛ք մեր այս կոչին։
Միացե՛ք, որ փոխենք։
«Մայր Հայաստան» խմբակցություն