Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Դեղերի վաճառքի նոր կարգը, որը կիրառվում է մարտի 1-ից, պահանջում է, որ հակաբիոտիկները եւ մի շարք այլ պրեպարատներ՝ ընդհանուր 400-ից ավելի դեղամիջոցներ, վաճառվեն էլեկտրոնային դեղատոմսով։ Սակայն կարգը չի գործում, իսկ դեղատները հիմնականում կամայական են կիրառում այն։ Օրինակ, Երեւանի դեղատներից մեկը գնորդին հրաժարվել է վաճառել արտաքին օգտագործման համար նախատեսված քսուկ, որի մեջ չնչին չափով հակաբիոտիկ է պարունակվում եւ, ըստ նոր կարգի, պետք է վաճառվի միայն դեղատոմսով։ Գնորդը մտել է «Նատալի ֆարմ» դեղատուն, որը պատկանում է Սամվել Ալեքսանյանի ընտանիքին, ու հանգիստ գնել նույն քսուկը, եւ վաճառողը որեւէ հարց անգամ չի տվել։ Այսպիսի դեպքերը բազմաթիվ են։
«Կարգը չի գործում։ Անհեռատես, ոլորտը պարալիզացնող որոշում է ընդունել նախարարությունը։ Իրենք էլ են մոռացել, որ նման կարգ են ընդունել։ Ինչպես մյուս ոլորտները, այս ոլորտն էլ տանում են լուծարման»,- ասում է դեղ ներմուծող «Վագա ֆարմ» ընկերության տնօրեն Վահե Վարսանյանը։ Հիմնական խնդիրը, ըստ նրա, ոչ թե դեղատներում է, այլ բուժհաստատություններում։ «Եթե բժիշկները չեն նշանակում, եթե չեն լրացնում էլեկտրոնային դեղատոմս, դեղատունն ի՞նչ անի։ Բոլոր դեղատներն էլ միացված են ընդհանուր էլեկտրոնային համակարգին, բայց բժիշկները չեն լրացնում էլեկտրոնային դեղատոմս։ Ոնց որ էն ժամանակ էին աշխատում, այնպես էլ հիմա։ Իրենք պետք է սկսեին բժիշկներից»,- ասում է նա։
Թե ինչու բժիշկները չեն լրացնում դեղատոմսերը, բացատրում է Անկախ դեղատների ասոցիացիայի նախագահ Արթուր Խաչատրյանը․ «Նախ, բոլոր բժիշկները չեն, որ տիրապետում են «Արմեդ» համակարգին։ Նրանք ունեն տարբեր համակարգիչներ, որոնք հարմարեցված չեն դրան։ Եվ հետո՝ դա էնպես չէ, որ միայն դեղի անունը գրեցին համակարգում, ու վերջ, պետք է լրացվի պատմություն, գրվի, թե ինչի հիման վրա է որոշել այդ դեղը նշանակել, եւ այլն։ Եվ սա միակ խնդիրը չէ։ Պատկերացրեք՝ իրենք նշում են 400-ից ավելի անվանում դեղորայք, բայց հայտնի է դրանցից միայն մոտ 250-260-ի անվանումը։ Ամբողջական ցանկը ոչ մի տեղ հրապարակված չէ, իրենք չեն հրապարակում։ Ես մի քանի անգամ դիմել եմ առողջապահության նախարարություն, «Արմեդ» համակարգ՝ խնդրելով, որ հրապարակեն այդ ցանկը, բայց չեն հրապարակում, միայն կոդերով հապավումներ են հրապարակում, որոնց դեղագետների 99 տոկոսը չի տիրապետում»։ Խաչատրյանը հարցում է արել դեղատների շրջանում եւ տեղեկացել, որ վերջերս դեղերը հիմնականում կրկին դուրս են գրվում նախկին թղթային տարբերակով։ «Մոտակա ժամանակներս ոլորտի խնդիրների վերաբերյալ մեծ գրություն եմ պատրաստում, որն ուղարկելու ենք կառավարություն եւ Ազգային ժողով»,- ասում է ասոցիացիայի նախագահը։
«Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանն էլ է մոնիտորինգ արել եւ եկել եզրահանգման, որ դեղատների մոտ 70-80 տոկոսը վաճառում է առանց էլեկտրոնային դեղատոմսի։ Նա այս բարեփոխումը համեմատում է ծխելու դեմ պայքարի որոշման հետ, որը գեղեցիկ որոշում էր, բայց դրվեց մի կողմ, որովհետեւ համակարգը դրան պատրաստ չէր»։