կարևոր
27409 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-19 23:18
Արցախ Հասարակություն

Արցախի բռնի տեղահանվածների 40+10 հազար աջակցությունը կշարունակվի մինչև տարեվերջ

Արցախի բռնի տեղահանվածների 40+10 հազար աջակցությունը կշարունակվի մինչև տարեվերջ

ՀՀ կառավարության հաջորդ նիստին կներկայացվի ԼՂ-ից բռնի տեղահանվածների դրամական աջակցությունը մինչև տարեվերջ երկարացնելու որոշումը։ 

«Արմենպրես»-ի հետ հարցազրույցում այս մասին ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը։ 

- Տիկին Ժամակոչյան, և՛ վարչապետը, և՛ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն իրենց ելույթներում վերջին շրջանում խոսեցին ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային մատչելիության ծրագրի և դրամական աջակցությունների շարունակման մասին։ Ի՞նչ է արվում այս պահին այդ ուղղություններով, ի՞նչ փուլում են ծրագրերը։ 

- Այո՛, նախ նշեմ, որ դրամական աջակցությունը շարունակելու որոշումը Կառավարության ընդունմանը կներկայացնենք մյուս հինգշաբթի։ Այս մասին վարչապետն արդեն իսկ հայտարարել էր օրեր առաջ։ Նախագծով նախատեսում ենք դրամական աջակցությունն առանց պայմանների փոփոխության երկարացնել մինչև 2024 թ. դեկտեմբերի վերջ։

Հիշեցնեմ, որ յուրաքանչյուր անձի հաշվով 2023թ հոկտեմբերից սկսած վճարվել են 40 + 10 հզ-ական դրամ բնակելի անարժ գույք չունեցող ընտանիքների անդամներին և 10հզ-ական դրամ անշարժ գույք ունենալու դեպքում՝ իհարկե միջոցառման մյուս պայմաններին բավարարելու դեպքում: Այս ամիսներին շարունակաբար միջոցառման պայմանները վերանայվել են, ինչի արդյունքում ավելացել են նոր շահառու խմբեր: Բարելավման այս մոտեցումը կարծում եմ կպահպանենք: Մինչև ծրագրի երկարացման որոշումը նախաձեռնել էինք աշխատանքային քննարկում, և կարևոր առաջարկներ ստացանք տեղական և ԼՂ–ում հայտնի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից ու պարզապես ծրագրի շահառու հանդիսացած ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցից։

Միաժամանակ, կարծում եմ՝ 2025թ ևս դրամական աջակցության միջոցառումը կշարունակենք, սակայն պայմանները փոփոխելով և կենտրոնանալով անաշխատունակ և խոցելի անձանց ու ընտանիքների կարիքների բավարարման վրա։

Ինչ վերաբերում է բնակարանային մատչելիության ծրագրին, ապա այն մշակման փուլում է, և պայմանների հստակեցման նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այս պահին շարունակում է այս ուղղությամբ հանդիպումները։ Պետք է նշեմ, որ քննարկումներն այս դեպքում նույնպես ընթանում են ոչ միայն պետական մարմինների միջև, այլև հրավիրվում են տեղական և ԼՂ–ում հայտնի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և գործիչներ։ Հանդիպումների նպատակը ԼՂ բռնի տեղահանվածների համար Հայաստանում բնակվելու կայուն ծրագրեր մշակելիս բոլոր կողմերի կարծիքները լսելն է՝ առաջարկները դիտարկելու համար։ Բնականաբար, հաշվի են առնվելու բռնի տեղահանվածների կարիքները, որոնք ձգտելու ենք բավարարել պետության հնարավորությունները մեծացնելով և նոր միջոցներ ներգրավելով:

Միաժամանակ ծրագրով նախատեսվող որոշ պայմաններ արդեն հստակեցվել են․ մասնավորապես բնակարանի գնման կամ կառուցման նպատակով աջակցության չափը կլինի մեկ անձի հաշվով 3 մլն դրամ: Բացի այդ, ներդրումային առաջնահերթություն ունեցող բնակավայրերում բնակելի տուն ձեռք բերելու կամ կառուցելու դեպքում աջակցության չափը կավելանա՝ հասնելով 4մլն-ի, իսկ առանձին բնակավայրերում անգամ 5 մլն դրամի: 

Ծրագրի շահառու կլինեն ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած անձինք, քանի որ, ինչպես նշեցի, ծրագիրը ուղղված է ԼՂ բռնի տեղահանվածների Հայաստանում կայուն կյանքի աջակցությանը։ Պարզ է նաև, որ հաշվի առնելով ծրագրի մասշտաբը՝ այն չի կարող իրագործվել միանգամից և կունենա փուլային ընթացք, կտևի 3-5 տարի, սակայն կառանձնացվեն առաջնահերթություններ ունեցող ընտանիքները, որոնց համար ծրագիրը կմեկնարկի այս տարվանից։ Հստակ է, որ 3 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները կունենան առաջնահերթություն։

- Դուք նշեցիք, որ դրամական աջակցության ծրագիրը շարունակվելու է մինչև դեկտեմբեր, սակայն մատչելի բնակարանի ծրագիրը կտևի 3-5 տարի։ Ի՞նչ է լինելու դեկտեմբերից հետո այն ընտանիքների հետ, որոնք այս տարի չեն դառնա բնակարանային ծրագրի շահառու։ 

- Արդեն նշեցի Կառավարությունը տարբեր ձևաչափերով կշարունակի աջակցել ԼՂ բռնի տեղահանված մեր հայրենակիցներին՝ կացության և կեցության ծախսերը հոգալու հարցում։ Ուզում եմ նշել նաև, որ թեև դրամական աջակցությունները կշարունակվեն 2025թ ևս, մեր աջակցության ամենակարևոր ձևն ենք համարում աշխատաշուկայում ԼՂ տեղահանվածներին աշխատանք գտնելու համար խթանող պայմաններ ստեղծելը։  

ՀՀ ՊԵԿ տրամադրած տվյալների համաձայն՝ ՀՀ-ում փետրվարի դրությամբ աշխատանքով է ապահովված ավելի քան 11 հազար ԼՂ բռնի տեղահանված։ Այս գործընթացը խթանելու համար կառավարությունը հաստատել է գործատուներին և աշխատանք փնտրող մեր ԼՂ հայրենակիցներին աջակցող միջոցառում, որն ունի 3 բաղադրիչ․ 

Առաջին բաղադրիչով միջոցառումը ԼՂ-ից բռնի տեղահանված անձին հնարավորություն է տալիս պետության աջակցությամբ կրթություն ստանալ և միաժամանակ 50հզ դրամի չափով կրթաթոշակ ստանալ։ 

Երկրորդ բաղադրիչով հնարավոր է դառնում անցնել պրակտիկա՝ միաժամանակ ստանալ աշխատավարձ։ 

Երրորդ բաղադրիչով նաև աշխատանքով ապահովվելու հնարավորություն է տրվում՝ գործատուի համար երաշխավորելով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աշխատանքի վերցնելու դեպքում հարկերի հատուցում։