կարևոր
1975 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-04 21:46
Հասարակություն

Ադրբեջանի զինծառայողը փախուստի է դիմել եւ մոլորվել է. նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է

Ադրբեջանի զինծառայողը փախուստի է դիմել եւ մոլորվել է. նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է

ՀՀ սահմանը հատած ադրբեջանի զինծառայողի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ նման որոշում է կայացվել քրեական վարույթով կատարված բազմաթիվ անհետաձգելի ապացուցողական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիմքով։

«ՀՀ պետական սահմանը հատած Ադրբեջանական Հանրապետության զինված ուժերի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովը 2024թ. փետրվարի 28-ին ՀՀ ԶՈւ դիրքերի մոտակայքում հայտնվել է ադրբեջանական դիրքում զինծառայողների միջև տեղի ունեցած միջադեպից հետո՝ փախուստի դիմելու և մոլորվելու հետևանքով»,- նշված է ՔԿ տարածած հաղորդագրության մեջ։

Միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Ռուսլան Փենախովի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։ Միջնորդությունը բավարարվել է։

Հիշեցնենք` փետրվարի 28-ին ՀՀ ԱԱԾ–ն հայտնեց, որ ադրբեջանական զինված ուժերի զինծառայողը ժամը 05:15-ի սահմաններում Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հատել է հայ-ադրբեջանական շփման գիծը։ Նա զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով:

Փետրվարի 29-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ ադրբեջանցի զինծառայողը ձերբակալվել է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ «դիվերսիայի փորձ․․․ ազգային, կրոնով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության և թշնամանքի շարժառիթով սպանության փորձ կատարելու․․․ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու դեպքերի առթիվ»։