Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ավագանու անդամներին մանդատից զրկելու նախաձեռնությունն ակնհայտ է, որ կրում է ոչ թե իրավական, այլ բացառապես քաղաքական բնույթ։ Սա աննախադեպ է»․- Երևանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։
Նա նշեց, որ առաջնային մանդատով օժտված ավագանու անդամին քաղաքական մեծամասնության կողմից նման սանկցիայի ենթարկելու իրողությունը մեզանում երբևէ տեղ չի ունեցել. «Ակնհայտ է, որ գործ ունենք քաղաքական որոշման հետ, որը բխում է ստեղծված դրամատիկ իրավիճակից։ Երևանն ունի փոքրամասնության իշխանություն, Երևանի իշխանությունը ձևավորվել է կուլիսային գործարքների, ինչ-ինչ պայմանավորվածությունների արդյունքում, ինչը, հուսանք, կարճ ժամանակ անց դեպքերի բերումով կդառնա բացահայտ տեղեկատվություն երևանցիների համար»,- ասաց Սուքիասյանը։
«Երևանի ավագանու անդամների վերաբերյալ քաղաքային իշխանության մոտեցումն ակնհայտ դարձավ վերջին շրջանում Նարինե Հայրապետյանի և Արշակ Սարգսյանի վերաբերյալ հետապնդման աղաղակող փաստերին, երբ քաղաքապետարանը ցույց տվեց զրո վերաբերմունք: Ավագանու անդամին հետապնդում են, քաղաքապետարանը լուռ է»,-ասաց Մանուկ Սուքիասյանը:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ավագանու այսօրվա արտահերթ նիստի օրակարգում Երևանի ավագանու 5 անդամների լիազորությունները դադարեցնելու մասին հարցն է:
Մասնավորապես, խոսքը վերաբերում է ավագանու հետեւյալ անդամներին.
Նարինե Հայրապետյան («Մայր Հայաստան»)
Հայկ Մարության («Ազգային առաջընթաց»)
Սոննա Աղեկյան («Մայր Հայաստան»)
Գևորգ Ստեփանյան («Մայր Հայաստան»)
Զարուհի Փոստանջյան («Մայր Հայաստան»)
Նշենք, որ ավագանու նիստին քվորումի համար պետք է առնվազն 33 ձայն: Իշխանական կոալիցիան ունի 32 ձայն: Այսօրվա նիստին իշխող կոալիցիայից բացի մասնակցեցին նաև «Հանրային ձայն» խմբակցության երկու անդամներ, ինչը թույլ տվեց, որ նիստը կայանա: