կարևոր
3541 դիտում, 9 ամիս առաջ - 2024-01-26 11:09
Քաղաքական

Բաքուն ի գիտություն է ընդունել Ադրբեջանին ականապատ դաշտերի քարտեզներ տրամադրելու ՀՀ ԱԱԾ հայտարարությունը

Բաքուն ի գիտություն է ընդունել Ադրբեջանին ականապատ դաշտերի քարտեզներ տրամադրելու ՀՀ ԱԱԾ հայտարարությունը

Բաքուն հայտարարում է, որ ի գիտություն է ընդունել Ադրբեջանին ականապատ դաշտերի քարտեզները տրամադրելու Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության հունվարի 25-ի հայտարարությունը։

Ադրբեջանի արտգործնախարարությունը նշել է, թե ակնկալում են, որ «Հայաստանը կներկայացնի բոլոր ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները, որոնք դեռ ամբողջությամբ չեն ներկայացվել Ադրբեջանին»։

Բաքուն միևնույն ժամանակ շեշտում է, որ Երևանը «պետք է հրատապ միջոցներ ձեռնարկի 4 հազար անհայտ կորած ադրբեջանցիների ճակատագրի և վերջին 30 տարվա ընթացքում ադրբեջանցիների գերեզմանների տեղի մասին տեղեկություններ տրամադրելու ուղղությամբ»։

«Ականների զանգվածային և նպատակաուղղված տեղադրումը Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքներում հետկոնֆլիկտային վերականգնողական և վերակառուցման լայնածավալ աշխատանքների, այդ տարածքներում բնակվող քաղաքացիական բնակչության վերադարձի և նրանց խաղաղ կյանքի հիմնական սպառնալիքներից են», - հայտարարել է Բաքուն՝ Հայաստանին մեղադրելով «ռազմական հանցագործության», ինչպես նաև «միջազգային մարդասիրական իրավունքի և Հայաստանի ստանձնած պարտավորությունների լուրջ խախտումների մեջ»։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է, որ ինչպես «2020 թվականի Հայրենական պատերազմից առաջ, այնպես էլ հետկոնֆլիկտային ժամանակաշրջանում, բազմիցս պահանջել է Հայաստանից ներկայացնել ականապատ դաշտերի քարտեզները»։

Ընդգծելով, որ մինչև օրս Հայաստանի ներկայացրած քարտեզների ճշգրտությունն ընդամեը 25 տոկոս է՝ Բաքուն նշում է՝ այդ քարտեզներն անարդյունավետ են, թերի և տեղում ճշգրիտ չեն ներկայացնում իրական պատկերը։

«Թեև այս քարտեզները ցույց են տալիս, որ մեր տարածքներում, ըստ տեղեկությունների, տեղակայվել է ընդամենը 400 հազար ական, սակայն ականների իրական թիվը գերազանցում է մեկ միլիոնը», - հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարությունը։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել էր Ղարաբաղում ականապատ դաշտերի մասին տեղեկություններով 8 նոր ձևաթղթերի նույնականացման մասին, որոնք առաջիկա օրերին աշխատանքային խողովակներով կփոխանցվեն ադրբեջանական կողմին։