կարևոր
5563 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-18 18:26
Հասարակություն

«FlyOne»-ում գործում է առցանց անվճար հաշվառում, ավիաընկերության կայքէջի ցավալի բացթողումը շտկվել է. արձագանք

«FlyOne»-ում գործում է առցանց անվճար հաշվառում, ավիաընկերության կայքէջի ցավալի բացթողումը շտկվել է. արձագանք

FlyOne Armenia ավիաընկերությունն արձագանքել է Yerkir.am-ի այսօրվա հրապարակմանը: Ինչպես հաստատել են ընկերությունից՝ գործում է նաև առցանց անվճար հաշվառման կարգը, իսկ ավիաընկերության կայքէջի այն բաժինը, որտեղ բացակայում էր այդ մասին տեղեկատվությունը, և, որը մենք վկայակոչել էինք ու համեմատել ահազանգող քաղաքացու բարձրաձայնած խնդրի հետ, արդեն խմբագրվել է և ավելացվել անվճար հաշվառման մասին  տեղեկությունը:

Ստորև ամբողջությամբ ներկայացնում ենք ավիաընկերության հաղորդագրությունը.   

«Այսօր Yerkir.am կայքում հրապարակվել և մի շարք հարթակներում արտատպվել է «Ահազանգ. թռնելուց «Fly One»-ին 40 եվրո հավելավճար ես տալու գրանցման համար» հոդվածը, որի վերաբերյալ հարկ է նշել հետևյալը։

FlyOne Armenia ազգային բյուջետային ավիաընկերությունը բազմիցս հայտարարել է, որ ավիաընկերության բոլոր չվերթների առցանց անվճար հաշվառումը հասանելի է ընկերության բոլոր ուղևորներին և սկսվում է չվերթից 24 ժամ առաջ, ինչի մասին գրառումը առկա է Fly One ընկերությունների խմբի կայքէջում, իսկ ընկերությունների խմբի կայքէջի վկայակոչված հատվածում դրա բացակայությունը տեխնիկական ցավալի բացթողում է, ինչն արդեն իսկ շտկվել է։

Առցանց անվճար հաշվառումն ունի ընդամենը մեկ նպատակ. հնարավորինս հասանելի ու մատչելի պահել ավիատոմսերի գինը՝ որոշ գործողություններ պատվիրակելով անմիջապես ուղևորին։ Տոմսերի այսօրինակ հասանելիությունը 2023 թ․ ավելի քան 900 հազար ուղևորի հնարավորություն է տվել օգտվելու յուրաքանչյուրի կարիքներին հարմարեցված ճամփորդական ծառայություններից։

Ներկայում ավիաընկերության ուղևորների բացարձակ մեծամասնությունը չվերթին ներկայանում է առցանց անվճար հաշվառումն անցած։ Ավիատոմսերի որոշ տեսակներով ճամփորդող ուղևորի համար անվճար հաշվառումը հասանելի է նաև օդանավակայանում։

FlyOne Armenia ավիաընկերությունը բյուջետային լոուքոսթ ավիաընկերություն է և աշխարհի բյուջետային ավիաընկերությունների բացարձակ մեծամասնության հաշվառումը օդանավակայանում վճարովի ծառայություն է, ասվածը վերաբերում է նաև Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալող հիմնական լոուքոսթերներին:

Ավիաընկերության բոլոր ուղևորները մի քանի անգամ, մասնավորապես, թռիչքից 24 ժամ առաջ անվճար ու առցանց հաշվառվելու հնարավորության մասին բազում իրազեկումներ են ստանում թե՛ իրենց էլեկտրոնային փոստին, թե՛ ավիաընկերության տրամադրության տակ առկա բոլոր միջոցներով։

FlyOne Armenia-ն շարունակելու է հանրությանն իրազեկելուն ու առցանց հաշվառումը խրախուսելուն ուղղված աշխատանքը։ Հարկ ենք համարում նշել, որ ավիաընկերությունը, զանգվածային լրատվության միջոցներով, սոցիալական հարթակներով, հասանելի բոլոր գործիքներով նույնպես, բազմիցս իրազեկել է հանրությանը անվճար առցանց հաշվառման մասին։

Ավիաընկերությունը երբեք չի խուսափել զանգվածային լրատվության միջոցների հետ շփումից և չկա որևէ խոչընդոտ, որ մամուլի մեր գործընկերները կարողանային խնդրո առարկայի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն ստանալ նաև մեզնից: Միևնույն ժամանակ, ավիաընկերության համար անընդունելի է հայտնի քաղաքական գործչին ավիաընկերության գործունեության հետ կապելը, քաղաքական գործչի և իր ընտանիքի անդամների անվան որևէ շահարկումը, ինչը համարում ենք անընդունելի, մոլորեցնող և թիրախավորված:

Այսօրինակ վարքագծի կրկնվող բնույթը հիմք է տալիս եզրակացնելու, որ նման շեշտադրումներով հրապարակումները ուղղորդվում են հստակ կենտրոններից, որոնց նպատակը յուրաքանչյուր ավիաընկերության գործունեության ընթացքում տեղ գտնող հնարավոր թերացումներին քաղաքական բովանդակություն ու աստառ հաղորդելն է։ Այդ գործելաոճը կոռեկտ չէ։

Լրատվամիջոցների մեր գործընկերերին խնդրում ենք, ձեռնպահ մնալ ընկերության աշխատանքի այս կամ այն ոլորտներին վերաբերող հարցերը ընկերության գործունեության հետ բացարձակապես որևէ առնչություն չունեցող քաղաքական գործիչների հետ կապելու պրակտիկայից։

FlyOne Armenia ընկերությունը երբեք չի խուսափել քննադատությունից, հրապարակայնությունից ու առողջ բանավեճից։ Ընկերությունը չի հանդուրժելու այնպիսի բացահայտ շահարկումներ, որոնք ավիաընկերության գործունեության վերաբերյալ հանրային անառողջ ու խեղաթյուրված պատկերացումներ են ստեղծում։ Հայտնում ենք նաև, որ առաջիկայում հրապարակայնորեն կամփոփենք ընկերության գործունեության 2023 թ․ արդյունքները»։