Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մինչ Քննչական կոմիտեն զբաղված է անմեղ անձանց դեմ քաղաքական հետապնդումներով, նույն կոմիտեի տվյալներով՝ օտարերկրյա քաղաքացին անխոչընդոտ մուտք է գործում մեր երկիր, հրկիզում է Երեւանում սինագոգի (հրեական կրոնական հաստատության) դռները, հանցավոր արարքը կատարելուց անմիջապես հետո էլ լքում ՀՀ տարածքը։
Սա առաջին դեպքը չէ՝ Մորդեխայ Նավի սինագոգի վրա մեկ այլ հարձակում էլ հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերն էր տեղի ունեցել։ Ադրբեջանական ԶԼՄ-ները առաջին հարձակումից ի վեր վայնասուն են բարձրացրել, իբր Հայաստանում ակտիվ գործունեություն են ծավալում «ահաբեկչական կազմակերպությունները»։
Երկրորդ հարձակումն իրականացրած անձը տեսանկարահանել է իր գործողությունը, որն էլ տեղադրվել ու տարածվել է ադրբեջանական տելեգրամյան ալիքներում։ Ադրբեջանական մամուլը պնդում է, որ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է ASALA («Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ») խմբավորումը:
Տարօրինակ չէ՞, որ դեպքին ամենաբուռն ու օպերատիվն հենց Ադրբեջանն է արձագանքում։ Ակնհայտ է, որ այս ամենի գլխավոր շահառուն հենց Ադրբեջանն է։ Չպետք է բացառել նաեւ, որ տվյալ անձը հենց ադրբեջանցի է՝ Ադրբեջանից է մուտք գործել Հայաստան։
Այսքանից հետո ամենեւին պատահական կամ զարմանալի չէ, որ հանրությանն իր թուրքասիրական մղումներով, թուրք-ադրբեջանցիների հետ ջերմ լուսանկարներով հայտնի, թշնամի երկրների ներկայացուցիչների հետ Նովրուզ տոնած ՔՊ-ական Մարիա Կարապետյանը հրատապ կարգով այցելել է սինագոգ ու զորակցություն հայտնել հրեական համայնքին։ Թե ինչու է նրան ուղեկցել Գերմանիայի խորհրդարանի պատգամավորը եւ ինչ կապ ունի նա այն ամենին՝ պարզ չէ։ Զարմանալի չէ նաեւ, որ Մարիա Կարապետյանը ֆեյսբուքյան գրառման մեջ որեւէ ենթադրություն չի արել հարձակվողի ինքնության մասին, փոխարենը հանդես է եկել դատապարտողի դերում եւ, անուղղակի կամ ուղղակի տուրք տալով ադրբեջանական սին տեղեկություններին, կոչ է արել մեր քաղաքացիներին սիրով, հոգատարությամբ ու հետաքրքրասիրությամբ վերաբերվել մեր Հանրապետության բոլոր մշակույթներին։
Մեղրի Ղուկասյան