կարևոր
1564 դիտում, 10 ամիս առաջ - 2023-11-14 17:20
Քաղաքական

Աճել է սինթետիկ թմրամիջոցների անօրինական շրջանառությունը և դրա թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն դուք եք․ Ագնեսա Խամոյանը՝ ՔՊ-ին

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի ելույթը․

«Դեռեւս տարեսկզբին այս ամբիոնից  խոսել եմ մի խնդրի մասին, որը պակաս կարեւոր չէ այն արտաքին անվտանգային խնդիրներից, որոնց առջեւ այսօր կանգնած է մեր երկիրը:

Խոսքը թմրանյութերի ապօրինի շրջանառության մասին է, եւ եթե տարեսկզբի իմ ելույթում ահանզանգել էի, որ խնդիրը չլուծելու դեպքում մենք կանգնելու ենք ազգային անվտանգության լրջագույն սպառնալիքի առջեւ, ապա հիմա ցավով պետք է արձանագրեմ, որ մենք կանգնած ենք ուղիղ այդ սպառնալիքի ամենակենտրոնում, եւ սա այն դեպքում, երբ թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի նոր ռազմավարությունը դեռ պատրաստ էլ չէ: Ի դեպ, վերջին ռազմավարությունը 2014 թվականին է ընդունվել:

 Չնայած ոստիկանության որոշակի բացահայտումներին, վերջին 5 տարիներին թմրամիջոցների ապօրինի շրջանառության դինամիկ աճը շարունակում է պահպանվել, վերջին ամենաթարմ տվյալներով 2023թ․-ի 10 ամիսների ընթացքում արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների 3934 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1631 դեպքի դիմաց․ աճը կազմել է 141 տոկոս:

Եւ սա միայն օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում արձանագրված դեպքերն են․ վերջին 9 ամիսների ընթացքում իրավապահ մարմինների կողմից ապօրինի շրջանառությունից առգրավվել է 110 կիլոգրամ տարբեր տեսակի թմրամիջոց, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում առգրավված թմրամիջոցների ծավալը կազմել է 69 կիլոգամ:

Այս պաշտոնական վիճակագրությունը խոսում է խնդրի մասշտաբների ընդլայման մասին․ աճել է հատկապես բնակչության առողջության համար առավել վտանգ ներկայացնող սինթետիկ թմրամիջոցների անօրինական շրջանառությունը: Ի դեպ, հատկապես երիտասարդների շրջանում տարածված սինթետիկ այդ թմրամիջոցները, մասնավորապես մեթամֆեթամինը պատրաստվում է ՀՀ-ում գտնվող տարատեսակ նկուղներում, դրանցից մեկը վերջերս բացահայտվեց, բայց ես վստահ եմ, որ դա միակը չէր, եւ եթե մեր սիրելի ոստիկանությունը քաղաքական հետապնդումների փոխարեն իր բուն գործառույթներով զբաղվի, նմանատիպ շատ նկուղներ կբացահայտի:

 Ի դեպ, մենք ունենք նաեւ հանցավորության աճ, զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքերի աճ ունենք, ինքնասպանության ու ինքնասպանության փորձերի վիճակագրության պատկերն Է տխուր, սրանց մասին կխոսեմ հաջորդիվ, իսկ մինչ այդ հստակ կարող ենք արձանագրել, որ այս տխուր վիճակագրությունը խոսում է երկրում առկա մթնոլորտի մասին, անհանդուրժողականության մասին, իսկ դրա թիվ մեկ պատասխանատուն եւ թիվ մեկ մեղավորը, ուզեք, թե չուզեք դուք եք, սիրո եւ թավշյա իշխանություններ»: