կարևոր
1441 դիտում, 5 ամիս առաջ - 2023-11-14 14:31
Հասարակություն

Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ մի քանի տասնյակ հայ․ ԿԽՄԿ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքային խմբերը Լեռնային Ղարաբաղում շարունակում են այցելել այնտեղ մնացած հայ ընտանիքներին՝ արձագանքելով նրանց կարիքներին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին տեղեկացրեց, որ դժվար է մնացած հայերի կոնկրետ վիճակագրություն ասել, սակայն խոսքը մի քանի տասնյակ հայերի մասին է։ 

«Երբ Ղարաբաղից հայերի մեծ մասը տեղափոխվեց Հայաստան, մեր թիմերը տեղում սկսեցին աշխատել այն անձանց հետ, որոնք ինչ-ինչ պատճառներով մնացել են կամ պարզապես չեն կարողացել դուրս գալ։ Բոլոր այն մարդիկ, որոնք ցանկություն են ունեցել տեղափոխվել Հայաստան, սակայն ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել դա անել, մեր կազմակերպությունն օգնել է այդ հարցում։  Խոսքը 50 անձի մասին է։ Նրանք այն մարդիկ են, որոնք ունեն ֆիզիկական խոցելիություն, առողջական խնդիրներ։ Մի քանի տասնյակ հոգու էլ օգնել ենք հեռախոսազանգերի, վիդեոզանգերի միջոցով կապ հաստատել Հայաստանում գտնվող իրենց հարազատների հետ։ Այն մարդիկ, որոնք ցանկություն են հայտնել մնալ Ղարաբաղում, մեր աշխատանքային խմբերը պարբերաբար այցելում են՝ գնահատելով նրանց կարիքները»,-ասաց Զառա Ամատունին։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքային թիմերի այցելություններից պարզ է դարձել, որ Ղարաբաղում մնացած հայերի կարիքները վերաբերում են սննդին, դեղորայքին, ջրի հասանելիությանը։ Տեղերում հնարավորության սահմաններում կատարվում է բժշկական զննություն, անհրաժեշտության դեպքում տրամադրվում է դեղորայք։ Մի շարք կարևոր հարցերի հասանելիության բացակայության պայմաններում նրանք հայտնվել են խոցելի վիճակում։ Որքա՞ն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները կշարունակեն մնալ Ղարաբաղում։

«Առհասարակ մեր ներկայությունը պայմանավորված է մարդասիրական կարիքներով։ Որքան այդ կարիքները շարունակեն մնալ տարածաշրջանում և որքան մեր ներկայությունը՝ որպես չեզոք միջնորդի, կարևոր կլինի մարդկանց համար, մենք կգերադասենք այդքան էլ մնալ և շարունակել այդ հարցերին ուշադրություն դարձնել»,-ասաց Զառա Ամատունին։

Զառա Ամատունին ընդգծեց, որ Կարմի խաչի միջազգային կոմիտեի աշխատանքը կենտրոնացված է հակամարտությանը վերաբերող, մարդասիրական հարցերին։ Այս տարածաշրջանում 30 տարուց ավելի ֆիզիկական ներկայության շնորհիվ կազմակերպությունը պարբերաբար արձագանքել է ահագնացող կարիքներին։

«Այս ստեղծված իրավիճակում ևս կազմակերպությունն անմիջապես սկսել է ավելացնել իր ռեսուրսները թիրախային ուղղություններով։ Մենք փորձել ենք Ղարաբաղից տեղափոխել վիրավոր անձանց, ինչպես նաև աջակցել ենք զոհվածների մարմինները Հայաստան տեղափոխելու հարցում։ Խոսքը թե՛ պատերազմական գործողությունների, թե՛ Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով  վիրավորում ստացածների մասին է։ Այդ օրերին 124 վիրավորում ստացած անձ տեղափոխվել է Հայաստան բուժում ստանալու նպատակով։ Դրանից բացի, մեր կազմակերպության աջակցությամբ 220 անձի աճյուն է տեղափոխվել Հայաստան։  Մեծ մասն այն անձինք են, որոնք զոհվել են պայթյունի հետևանքով»,-հավելեց Զառա Ամատունին։ 

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված ավելի քան 100 հազար  քաղաքացի: