Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին հայտարարել է, որ հոկտեմբերի 25-ից 27-ը կլինի Հայաստանում՝ խորացնելու Կանադա – Հայաստան երկկողմ կապերը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Կանադայի ԱԳՆ-ն:
«Հայաստանը նաև Կանադայի կարևոր գործընկերն է Կովկասյան տարածաշրջանում, և մենք կշարունակենք աշխատել հայաստանցի պաշտոնյաների հետ՝ պաշտպանելու մարդասիրական լիարժեք հասանելիությունը և ապահովելու մարդու իրավունքների հարգումը տարածաշրջանում»,-ասել է Մելանի Ժոլին։
Նշվում է, որ Ժոլին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ու արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ կքննարկի Կանադայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղիները։
«Նա պաշտոնապես կբացի Կանադայի նոր դեսպանատունը, որը թույլ կտա ամրապնդել երկկողմ կապերը և մեծացնել Կանադայի աջակցությունը հայկական ժողովրդավարությանը»,- ասված է հայտարարության մեջ:
Նախարարը նաև քննարկելու է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի վերջին ռազմական գործողության հետևանքով տեղահանված հազարավոր քաղաքացիական անձանց հրատապ կարիքները հոգալու ուղիները։
«Մելանի Ժոլին նաև այցելելու է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին և վերահաստատելու Կանադայի հանձնառությունը՝ պայքարելու ժխտողականության կամ ռևիզիոնիզմի ցանկացած ձևի դեմ»,- ասված է աղբյուրում: