կարևոր
5179 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-05 16:32
Քաղաքական

«Ա՛յ չինական․․․». երբ վիրավորանքը ևս կարող է «դուրս գալ» պետության դեմ

«Ա՛յ չինական․․․». երբ վիրավորանքը ևս կարող է «դուրս գալ» պետության դեմ

Մի պահ պատկերացրեք, որ Չինաստանի խորհրդարանի նախագահը իր երկրի ընդդիմադիր պատգամավորին որպես վիրավորանք ասեր՝ «Ա՛յ հայկական»։ Մեր ժողովրդի, իշխանությունների (եթե խոսքը արժանապատիվ իշխանության մասին է), վերջիվերջո, այդ երկրում գործող հայ դեսպանի համար հարց չէ՞ր առաջանա՝ ինչո՞ւ է «հայկական»-ը տվյալ պետության ամենաբարձր պաշտոնյաներից մեկի համար վիրավորանք։

Սեփական հայրենակցի վրա թքող ու մշտապես ցինիկ վարքագծով աչքի ընկնող Ալեն Սիմոնյանն այդպես էլ չկարողացավ հասկանալ, որ երկրի՝ թվով երկրորդ պաշտոնյան է,  չկարողացավ նաև «քուչի տղու» մակարդակից մի փոքր վերև բարձրանալ և ընկալել, որ ինքը, ի վերջո, պետություն է ներկայացնում։  

Հիշեցնենք՝ օրերս Ազգային ժողովում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը փորձում էր ՔՊ-ականներից ճշտել՝ ինչու են անդադար ծիծաղում և ինչից են այդքան գոհ, Արցախի կորստի՞ց, թե Բաքվում հայտնված գեներալների ու պաշտոնյաների մասին լուրերից։ Ինչից հետո Ալեն Սիմոնյանը ջղաձգվեց և սկսեց վիրավորել ընդդիմադիր պատգամավորին՝ վերջինիս անվանելով՝ «Ա՛յ չինական…»:

Սիմոնյանն այդ արտահայտությունն անելիս, վստահաբար, հաշվի չի էլ առել, որ ՀՀ-ում Չինաստանի դեսպանատուն կա, որ կարող էր «չինական» բառը որպես հայհոյանք կամ որպես նվաստացում օգտագործելը հետևանքներ ունենալ։

Բարեբախտաբար, ՀՀ-ում գործող Չինաստանի դեսպանությունը անտեսեց պետության առաջին դեմքերից մեկի այս վարքագիծը և գուցե հենց այն պատճառով, որ հասկանում են՝ Ալեն Սիմոնյանին և վերջինիս իշխանությանը չարժե լուրջ վերաբերվել։  

Ի դեպ, ՔՊ-ական երիտասարդ պաշտոնյաների դեպքում նման վարքագիծը նորություն չէ։ Շատերը կհիշեն՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից դեպի «Իմ քայլը» դաշինք սահուն անցում կատարած և նոր գումարման խորհրդարանում ՔՊ խմբակցության ղեկավար դարձած Հայկ Կոնջորյանն ինչպես էր իր առաջին հարցազրույցներից մեկում Իրանին անվանել  ավտորիտար բնույթի պետություն։

Երիտասարդ պատգամավորը հետո արդարացավ իր հնչեցրած արտահայտության համար, ինչը ևս, բարեբախտաբար, դիվանագիտական սկանդալ չհասունացրեց։

Անի Նահապետյան