կարևոր
4282 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-06 16:43
Քաղաքական

Կանադայի Հայ դատի հանձնախմբի հայտարարությունը

Կանադայի Հայ դատի հանձնախմբի հայտարարությունը

Կանադայի Հայ դատի հանձնախմբի հետեւողական աշխատանքների շնորհիվ հունվարի 25-ին Կանադայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը երկու առանձին նիստ է գումարել՝ քննարկելու Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակումը։

Սա պատմական ձեռքներում էր, որովհետեւ Կանադայի խորհրդարանում առաջին անգամ հանդես եկավ Արցախի Հանրապետության ներկայացուցիչ՝ ներկայացնելով Արցախի բնակչության պայքարը հանուն արժանապատիվ կյանքի։ Պատմական է նաեւ այն առումով, որ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ձեւակերպումը տեղ գտավ բանաձեւում, ինչն ինքնին Արցախի անկախության ճանաչման գործընթացում մեծ քայլ է՝ հաշվի առնելով, որ խորհրդարանի ամենաազդեցիկ հանձնաժողովներից մեկը նման ձեւակերպմամբ բանաձեւ որդեգրեց:

Բաքվի եւ Անկարայի համակարգված հայատյաց քարոզարշավը շարունակվում է Կանադայում, որտեղ երկու երկրների պետական ներկայացուցչությունների կողմից հետեւողական ու ծրագրված գործընթաց է տարվում պատմությունը խեղաթյուրելու ու սանձազերծելու ապատեղեկատվական արշավներ։ Կանադայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի վերոնշյալ նիստերին ադրբեջանական դեսպանատան հավատարմատարը խուսափեց ներկայանալ եւ մասնակցել։

«Հայ դատի գրասենյակները պետք է աշխատեն այնպես, ինչպես իդեալական արտաքին դիվանագիտության դեպքում է, որովհետև միայն այդ դեպքում հնարավոր կլինի հասնել արդյունքների»,- ժամանակին ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ եւ Գերմանիայում ՀՀ դեսպան Վահան Հովհաննիսյանը։ Հենց Վահան Հովհաննիսյանի առաջադրանքով՝ Օտտավայի Հայ Դատի գրասենյակն իր նպատակաուղղված եւ բազմաբեւեռ աշխատանքային շրջագծով, որպես ազդեցիկ քաղաքական եւ քարոզչական կառույց, գործում է կանադական տեղեկատվական, հարաբերական եւ լոբբիստական բնագավառներում, որի արգասիքըը հանդիսացել են 2002 եւ 2004 թվականների Կանադայի Վերին պալատի եւ Դաշնակցային խորհրդարանի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւերն ու օրինագծերը։

Կանադայի Հայ Դատի հանձնախումբն Արցախյան գոյամարտի ճակատագրական այս հանգրվանում վճռական է եւ անզիջող։ Արցախը հայության գոյատեւելիության անբեկանելի պատվարն է, եւ արցախահայության ոտնահարված իրավունքների վերականգման համար պիտի շարունակենք մեր առաքելությունը։

06.02.2023 թ.