կարևոր
3433 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-05 15:19
Քաղաքական

Դավիթ Գյուրջինյանը բրյուսովցիներից վրեժ է լուծում. «Հրապարակ»

Դավիթ Գյուրջինյանը բրյուսովցիներից վրեժ է լուծում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

Բրյուսովի անվան Լեզվահասարակագիտական համալսարանի նորաթուխ ռեկտոր Դավիթ Գյուրջինյանն արդեն սկսել է արդարացնել իշխանությունների` իրեն նշանակելու հետ կապված ակնկալիքները: Նա նոր ուսումնական տարվա մեկնարկին համալսարանի մի խումբ դասախոսների, որոնք ընդդիմադիր կամ անկախ հայացքներ ունեն, դասաժամեր չի տրամադրել: Մասնավորապես, դասաժամեր չեն ստացել «Հայաքվե» շարժման ակտիվիստ քաղաքագետ Ցոլակ Ակոպյանը, քաղաքագետ-ամերիկագետ Սուրեն Սարգսյանը, ընդդիմադիր ակտիվիստ եւ ֆիզկուլտուրայի դասախոս Սերգեյ Ասատուրովը, Աննա Մարմարյանը եւ ուրիշներ: Մենք տեղեկացանք, որ «Արմքոմեդիի» Նարեկն ու Սերգեյը նույնպես չեն ցանկացել դասավանդել բուհում՝ կապված ռեկտորի խայտառակ ընտրության գործընթացի, գուցե՝ նաեւ նրա անձի հետ:

Մենք զրուցեցինք Ցոլակ Ակոպյանի հետ, նա ասաց, որ ինքը, լինելով բուհի պրոռեկտոր, միակ վարչական աշխատողն է, որ այս ուսումնական տարում չունի դասաժամեր: Ակոպյանը կարծում է, որ սա կանխակալ վերաբերմունք է իր նկատմամբ, քանի որ այլ քաղաքական հայացքներ կրող է: Նրա խոսքով` մի շարք դասախոսներ եւս այս ուսումնական տարում դասաժամեր չեն ստացել: Նրանք՝ բոլորը, «պատահականության» սկզբունքով ընդդիմադիր հայացքներ ունեցող մասնագետներ են։ «Ես բուհի պրոռեկտորն եմ եւ միակ վարչական աշխատողն եմ Բրյուսովում, ով դասաժամ չունի: 12 տարվա դասավանդման ստաժով` պարզվում է, որ ինձ համար ազատ ժամեր չկան: Ի դեպ, այսօր եմ արձակուրդից վերադարձել: Խոսել եմ Դավիթ Գյուրջինյանի հետ` հասկանալու համար, թե ինչն է պատճառը, սակայն որեւէ պատճառ չնշվեց, ընդամենը նշվեց, որ ծանրաբեռնված եմ, 8 ժամ շարունակ պրոռեկտորի աշխատանքն եմ իրականացնում եւ չեմ կարող դասաժամեր վերցնել: Ես դասավանդում եմ Քաղաքագիտության ամբիոնում` «Քաղաքագիտություն», «Քաղաքական սոցիոլոգիա» առարկաները: Անձնական պատճառներով Դավիթ Գյուրջինյանը նշել է, որ ինքն է որոշում, թե ով ինչ ժամ ունենա: Ի դեպ, բոլոր վարչական աշխատողները դասաժամեր ստացել են, անգամ այնպիսի մարդիկ են ժամեր ստացել, որ երբեւէ տվյալ ամբիոններում չեն դասավանդել: Սա ակնհայտ խտրականություն է, այս հարցն Աշխատանքի տեսչական մարմնում վիճարկելու եմ», - նշում է Ակոպյանը:

Նրա խոսքով` բուհի այլ դասախոսներ եւս ժամեր չեն ստացել, որոնք տվյալ դեպքում ունեն դասավանդման մեծ փորձ եւ սիրված են ուսանողների կողմից։ «Նախկին ռեկտոր Կարինե Հարությունյանը, ով եւս բավականին պահանջված մասնագետ է, դասաժամեր չունի` Դավիթ Գյուրջինյանի անձնական մոտեցման պատճառով: Փակվել է նաեւ Պատմության եւ փիլիսոփայության ամբիոնը, զուտ այն բանի համար, որ ամբիոնի վարիչը չաշխատի այլեւս: Սուրեն Սարգսյանը, ով եւս լավ մասնագետ է` ամերիկագիտության եզակի մասնագետ, ով անհրաժեշտ է Բրյուսովի համալսարանին... Դասավանդման իրավունք չեն ստացել նաեւ մի շարք կին դասախոսներ, նաեւ Աննա Մարմարյանը, ով իմ օգնականն էր, երբ ես դեկան էի: Նրան ուսանողները բավականին շատ են սիրում, լավ մասնագետ է, սակայն դասաժամեր չունի, որովհետեւ աջակցել է ինձ: Հայագիտության ամբիոնի դասախոս Շուշան Ղազարյանը եւս չունի ժամեր, նա, ի դեպ, այլ համալսարանից առաջարկ է ստացել անմիջապես»,- նշում է Ակոպյանը:

Ըստ մեր զրուցակցի` նույնիսկ նախարարության աշխատակիցներին երբեւէ չեն զրկել դասավանդման իրավունքից, սակայն Բրյուսովի անվան համալսարանում ոտնահարվում են դասախոսների դասավանդման իրավունքները:

Ի դեպ, սույն բուհի դասախոսները շատ ցածր վարձատրություն են ստացել` դասաժամերի համար, եւ նրանց բոլորովին էլ աշխատավարձը չի պահել բուհում: