կարևոր
2569 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-31 15:40
Քաղաքական

Այս իշխանությունը մերժված է, իրենք չունեն որևէ վստահություն․ Թևանյան

«Հայաքվեն» այսօր ԿԸՀ-ին է հանձնել՝ Արցախն այլ պետության կազմում ճանաչելը և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող ցանկացած գործողություն քրեականացնելու պահանջով ներկայացված ստորագրությունները: Մինչ այդ նախաձեռնող խումբը հանդես էր եկել հայտարարությամբ՝ կոչ անելով բոլորին միանալ, միասին հանձնել  համատեղ որոշման արդյունքները և  տեր կանգնենլ ստորագրություններին։ Այս կոչին միացել են քաղաքական ուժեր, հանրային գործիչներ, հասարակական տարբեր շերտերի ներկայացուցիչներ. «Մայր Հայաստան» դաշինքի անդամները նույնպես ԿԸՀ-ի մոտ էին։ Դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը լրագրողների հետ զրույցում նշեց.

«Հայաքվեն» շատ կարևոր է որպես քաղաքացիական նախաձեռնություն և այդ գործընթացը պետք է ի վերջո քաղաքական հանգուցալուծում ստանա, և մենք կարողանանք ապահովել ե՛ւ ստորագրած մեր քաղաքացիների իրավունքները, ե՛ւ քաղաքական գործընթացների հետագա տրամաբանության մեջ զարգացում տանք այս ամենին․ այստեղ արդեն հասարակական-քաղաքական լայն համախմբում է պետք, որպեսզի կարողանանք արդյունք ապահովել։

Լրագրողների մտահոգությանը, թե փորձում են Երևանում գրանցել մարզաբնակներին՝ օգտագործելով վարչական ռեսուրսը, Անդրանիկ Թևանյանն ասաց, որ «Մայր Հայաստանի» թիմերն աշխատում են նաև այդ ահազանգերի ուղղությամբ։

«Այդպիսի ահազանգ մենք էլ ունենք, բայց մենք համոզված ենք, որ մեր քաղաքացիներն իրենց խոսքն ասելու են․ որեւէ պարագայում այս իշխանությունը վերարտադրվելու շանս չի ունենալու, որովհետեւ բոլոր ուսումնասիրությունները, մեր ուղղակի շփումները քաղաքացիների հետ ցույց են տալիս, որ այս իշխանությունը մերժված է, իրենք չունեն որևէ վստահություն, ուղղակի դա պետք է քաղաքական հանգուցալուծման տեսք ստանա և մենք համոզված ենք, որ մեր քաղաքացիներն իրենց խոսքն անպայման ասելու են»:

 «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդից  լրագրողները նաև հետաքրքրվեցին՝  արդյո՞ք երևանցիները գիտակցո՞ւմ են, որ քաղաքային իշխանության փոփոխությամբ համապետական իշխանափոխություն հնարավոր է։

«Մեր գխավոր խնդիրը քարոզչության միջոցով այդ ամենը տեղ հասցնելն է եւ մենք տեսնում ենք, որ մարդիկ շատ լավ պատկերացնում են, որ ստանդարտ իրավիճակ չէ Հայաստանում»,-ասաց Անդրանիկ Թևանյանը։