կարևոր
6016 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-25 16:20
Քաղաքական

Ջերմուկ քաղաքում մառախուղ չի գրանցվել․ Հիդրոօդերևութաբանության կենտրոնի եւ «ՆՈՎԷՅՐ» -ի հայտարարությունները հակասում են

Ջերմուկ քաղաքում մառախուղ չի գրանցվել․ Հիդրոօդերևութաբանության կենտրոնի եւ «ՆՈՎԷՅՐ» -ի հայտարարությունները հակասում են

Երևան-Կապան այսօր նախատեսված չվերթը հետաձգվել է եղանակային պայմանների պատճառով․այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասացին  «ՆՈՎԷՅՐ» ավիաընկերությունից: 

Ջերմուկի բնակիչ Սահակ Հակոբյանը վստահեցնում է՝ եղանակը արևոտ է, գուցե թույլ քամի է եղել Ջերմուկի եւ Վայոց ձորի մարզում, սակայն մառախուղ չի եղել։

Ջերմուկի բնակչի հետ զրույցից հետո ավիաընկերությունից փորձեցինք հասկանալ՝ գուցե Երեւան-Կապան չվերթի չեղարկման պատճառն անվտանգայի՞ն է, քանի որ այնտեղից հերքում են մառախուղի մասին հայտարարությունը։  «Ես չգիտեմ Ջերմուկի բնակիչները ձեզ ինչ են ասել, պատճառը հայտարարված է»,-ասացին  ավիաընկերությունից ու շեշտեցին՝ անվտանգային խնդիր չկա։

Հարցին՝  հնարավո՞ր է օրվա երկրորդ կեսին չվերթն իրականացվի, եթե եղանակն արդեն արեւոտ է, պատասխանեցին՝ այսօր չվերթ չի լինի։

Կապ հաստատեցինք նաեւ «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն»-ի աշխատակիցների հետ, հասկանալու՝ այսօրվա ընթացքում Ջերմուկում մառախուղ արդյոք եղե՞լ է։ Ասացին՝ ոչ, մառախուղ չի գրանցվել։ Ջերմուկում տեղադրված սարքերը մառախուղ չեն արձանագրել։

Եթե Ջերմուկից եւ Հիդրոօդերևութաբանության  կենտրոնից հերքում են «ՆՈՎԷՅՐ» ավիաընկերության պատաճառաբանությունը, ստացվում է՝ չվերթի չեղարկման պատճառներն այլ են, որը ավիաընկերությունից թաքցնում են։

Անի Նահապետյան