կարևոր
3976 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-25 17:33
Աշխարհ

«Վագներ»-ի ստորաբաժանումները լքել են Լիպեցկի մարզի տարածքը

«Վագներ»-ի ստորաբաժանումները լքել են Լիպեցկի մարզի տարածքը

ՌԴ Լիպեցկի մարզի կառավարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ստորաբաժանումները լքել են Լիպեցկի մարզի տարածքը։

««Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ստորաբաժանումները, որոնք նախօրեին կանգ էին առել Լիպեցկի մարզում, լքել են մարզի տարածքը»,- ասվում է վարչակազմի թելեգրամյան ալիքում։

Հունիսի 23-ի երեկոյան «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը սկսել է «արդարության երթ» դեպի Մոսկվա Մ-4 Դոն մայրուղով։ «Վագներ»-ի մարտինմերն ու տեխնիկան մտել են Դոնի Ռոստով, Վորոնեժ և Լիպեցկի մարզի տարածք։

Հունիսի 24-ի գիշերը «Վագներ»-ի մարտիկները գրավել են Դոնի Ռոստովում գտնվող Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վագներականների գործողություններն անվանել է «հանցավոր արկածախնդրություն», իսկ Պրիգոժինի դեմ քրեական գործ է հարուցվել զինված ապստամբություն կազմակերպելու համար։

Ավելի ուշ Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ է վարել Պրիգոժինի հետ, և նա ընդունել է նրա առաջարկը՝ դադարեցնել «Վագներ»-ի շարժումը Ռուսաստանում և հետագա քայլեր ձեռնարկել դեէսկալացիայի համար։

Երեկոյան ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ «Վագներ»-ի ղեկավարը կգնա Բելառուս, իսկ քրեական գործը կկարճվի։ Երաշխիք, որ Պրիգոժինը կկարողանա դա անել, Ռուսաստանի նախագահի խոսքն է, հավելել է Պեսկովը։