կարևոր
2710 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-15 12:01
Հասարակություն

Հերթական մշակութային վանդալիզմը. Ադրբեջանցիները ավերել են Հալիվորի կամուրջը

Հերթական մշակութային վանդալիզմը. Ադրբեջանցիները ավերել են Հալիվորի կամուրջը

«Կովկասի ժառանգության մշտադիտարկում» (“Caucasus Heritage Watch”)  կայքը հրապարակել է  տիեզերական լուսանկարներ,  որտեղ երևում է, որ ադրբեջանցիները ավերել են  Հալիվորի կամուրջը։  Այս մասին գրել է Արցախի Հանրապետության  Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը և տեղեկություն ներկայացրել Հալիվորի կամուրջի մասին. 

«Հալիվորի կամ Հալևորի կամուրջը գտնվում է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից 2կմ հարավ-արևմուտք` Իշխանագետի վրա: Համաձայն կամրջի հոսքընթաց ճակատին ագուցված քարի վրա փորագրված և ցարդ պահպանված շինարարական 7 տողանի արձանագրության` կառուցվել է 1835թ.:

Այն Իշխանագետի և նրա վտակների վրա կառուցված 6 կամուրջներից մեկն է, որոնցից չորսն անխափան պահպանվում են և գործում:
Հալիվորի կամուրջն ասես Իշխանագետի կանաչ գոտին լինի: Իրականում այդ գոտին Մեծ Թաղերի տարածքը գետի վրայով կապում է Տումի գյուղի տարածության հետ: Միակամար, կիսագլանաձև թաղով ծածկված կամուրջն իրար է կապել ժայռոտ ձորափերը: Այն ունի 20 մետր երկարություն, 3 մետր լայնություն և 9 մետր բարձրություն: Կամարային բացվածքի լայնությունը կազմում է 9 մետր: Շինարարական կիսաեղծ արձանագրությունը գտնվում է հյուսիս-արևմտյան խելի պատին ագուցած արձանագրության մեջ, որտեղ գրված է. ՙՅիշատակ է /կամուրջըս Յարու/ թիլն որդի Գեվ/ որքի, շինեցի իմ /ծնօղաց, օվ անցնի/ ա /աստուած ողորմի ասի, /ՌՄՁԴ /1835թ./՚:

Անհրաժեշտ է նշել, որ այս կամուրջն իր կառուցվածքով և դիրքով տարբերվում է մյուսներից: Տեղանքից ելնելով` նոր կամուրջը կառուցվել է այնպես, որ Մեծ Թաղերի կողմից կամրջի խելը մոտ երկու մետր ցած է հանդիպակաց կողմի խելից: Կառուցված է որձաքարի խոշոր և մանր անտաշ բեկորներից, ամուր կրաշաղախով»։