Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիայում հայտնի «Սուլեյման Աղա» աղանդի իմամներից մեկն է՝ Ադեմ Շեները, ծայրահեղական հայացքների և բազմաթիվ սկանդալների մեջ հայտնի. Երկու օր առաջ Թուրքիայում Էրդողանի երդման արարողությանը Նիկոլ Փաշինյանը իրեն է բարևել և թուրքական թվիթերյան տարածքում բավականին ծաղրալից արձագանքի արժանացել։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում 2022 թվականի բյուջեի կատարողականի զեկուցման ժամանակ՝ դիմելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Ուզում եմ հասկանալ` որ անուղեղն է խորհուրդ տվել երդման արարողության ժամանակ, նույնիսկ Թուրքիայում ոչ միանշանակ ընդունված իմամին բարևել»,- հարցրեց Մանուկյանը Արարատ Միրզոյանին։
Արտգործնախարարն արձագանքեց. «Թուրքիայի նախագահի երդման արարողությանը, ենթադրում եմ, հրավիրել են արտասահմանյան հյուրերի և հյուրերի Թուրքիայից, որոնց թվում նաև Հայաստանի վարչապետն է։ Ինչ-որ պահի մարդիկ շփվում են, բարևում են իրար։ Այդտեղ այդքան օպերատիվ հասցնել բոլոր հյուրերի մասին տեղեկացնել, բոլորի ինքնակենսագրականներով, հայացքներով և գործունեության տարբեր ասպեկտներով, մի քիչ իրատեսական չէ՝ կարծում եմ»,- ասաց Միրզոյանը։
Նա նաև նշեց, որ դա սովորական բարև էր և որին քաղաքական տեսանկյունից պետք չէ նայել․ «Եթե երկու մարդ իրար մոտենում բարևում են, մի քիչ դժվար է պատկերացնել, ոնց էդ սխեման աշխատացնել, որպեսզի անգիր իմանաս բոլորին, և ընդամենը բարևի մասին է խոսքը, ես չգիտեմ ինչ քաղաքական բաներ եք բխեցնում»։
Տարածքային ամբողջականության վերաբերյալ հարցին՝ Միրզոյանը պատասխանեց․ «Հայաստանի կողմից Ադրբեջանը 86.6 ք/կմ մակերեսով, իսկ Ադրբեջանի կողմից Հայաստանը 29.8 ք/կմ մակերեսով ճանաչելը քաղաքական հայտարարություններ են»։
Մանուկյանը հետաքրքրվեց` արդյոք ՀՀ–ն որևէ այլ երկրի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելիս, տարածքային ամբողջականությունը ճանաչելիս այդ երկիրը մակերեսով ճանաչել է, թե ոչ։ Նա նկատեց, որ իշխանությունն ամեն օր բարձրաձայնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մակերեսը և փորձեց Միրզոյանից պարզաբանում ստանալ` արդյոք Ադրբեջանի որևէ պաշտոնյա հստակ ասել է «ՀՀ տարածքը 29.8 քառակուսի կմ է» արտահայտությունը։
«Որևէ երկրի փոխադարձ ճանաչման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման պայմանագրում չկա մակերեսի հիշատակում։ Ենթադրում եմ, որովհետև բոլորը չեմ կարդացել։ Հայաստանի դեպքում 29.8 ք/կմ մակերեսը, իսկ Ադրբեջանի դեպքում 86.6 ք/կմ–ը քաղաքական հայտարարություններ են։ Սրանք այն մասին են, որ Հայաստանը չունի տարածքային պահանջ Ադրբեջանից, իսկ Ադրբեջանը չունի տարածքային պահանջ Հայաստանից այն մակերեսով ու այն սահմաններով, որոնք եղել են Խորհրդային Միության մաս կազմող երկու սոցիալիստական հանրապետության համար»,– ասաց Միրզոյանը։
Նա շեշտեց, որ Մանուկյանը ճիշտ է նկատել` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ չի ասել, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը 29.8 ք/կմ տարածքով։ ԱԳ նախարարը վստահեցրեց` ԵԽ նախագահ Շառլ Միշելի հայտարարությունից հետո, որի միջնորդությամբ հանդիպում էր տեղի ունեցել և որին ներկա է եղել նաև Իլհամ Ալիևը, որևէ հրապարակային հերքում էլ չի եղել։
Նա հույս հայտնեց, որ Ադրբեջանի բարձրագույն իշխանությունն առաջիկայում հրապարակավ հանդես կգա ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչմամբ։
Փաշինյանի և Շեների լուսանկարը, որի մասին բարձրաձայնեց Մանուկյանը՝ ստորև.