կարևոր
625 դիտում, 2 ժամ առաջ - 2025-01-22 19:21
Հասարակություն

Դատարանը փոխեց Սուրեն Մանուկյանի խափանման միջոց կալանքը տնային կալանքով

Դատարանը փոխեց Սուրեն Մանուկյանի խափանման միջոց կալանքը տնային կալանքով

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Սասուն Մխիթարյանի նախագահությամբ, որոշեց փոխել ՀՅԴ անդամ, 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը՝ տնային կալանքով։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Սուրեն Մանուկյանի փաստաբան Ռաֆիկ Մելքոնյանը։ «Սուրեն Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանք ընտրվել է այն բանի համար, նախ՝ իբրև թե իրեն պատկանող առարկայի վրա, այսպես ասած, հայտնաբերել են հանցագործության հատկանիշներ, երկրորդ՝ ականատես վկան մատնացույց է արել Սուրեն Մանուկյանին՝ որպես հանցագործություն կատարողի և երրորդ՝ գործով տուժող Քոքոբելյանի տեսագրող սարքավորումներն իբրև ֆիքսել են, թե Սուրեն Մանուկյանը մասնակից է եղել Գրիշա Քոքոբելյանի առևանգմանը։

Հիմնական դատալսումներն ավարտված են, և այս ամբողջ հիմնական դատալսումների ընթացքում պարզվեց, որ Սուրեն Մանուկյանը չունի որևէ առարկա, որի վրա պետք է լինի ենթադրյալ հանցագործության հատկանիշներ, ինչպես նաև՝ չկա տեսագրություն, որտեղ պետք է երևա, որ Սուրեն Մանուկյանը կատարել է իքս հանցագործությունը և երրորդ՝ չկա ականատես, որը պետք է ասի, որ Սուրեն Մանուկյանը կատարել է ենթադրյալ հանցագործությունը։ Դատավոր Սասուն Մխիթարյանից չափազանց շնորհակալ եմ․ ժողովրդական խոսք կա՝ «արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում»։ Սուրեն Մանուկյանը հայտնվեց պայմանական ազատության մեջ, ինքն օրինապահ անձ է։ Մենք ունենք նաև անմեղության կանխավարկած և մարդու անմեղությունն առկա է այնքան ժամանակ, քանի դեռ օրինական ուժի մեջ մտած մեղադրական վճիռ չկա»,-ասաց Սուրեն Մանուկյանի փաստաբան Ռաֆիկ Մելքոնյանը։

Հիշեցնենք, որ դեռևս 2022 թ. օգոստոսի 11-ից քրեական գործ էր հարուցվել և քրեական հետապնդում էր սկսվել ՀՅԴ անդամ, 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ: Վերջինս մեղադրվում է խմբի կազմում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորը ենթադրաբար առևանգելու և նրա որդիներից առանձնապես խոշոր չափերի գումար ենթադրաբար շորթելու մեջ։

Քրեական գործով Սուրեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը, և 2022 թ. օգոստոսի 11-ից սկսած նա ազատազարկված էր։ Հայտնենք նաև, որ Սուրեն Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը համարում է շինծու, այն չի ընդունում և իրեն մեղավոր չի ճանաչում։ Փաստաբանները բազմիցս հայտնել են, որ քրեական գործի նյութերում չկա որևէ ողջամիտ ապացույց, որը թույլ կտա հետևություն անել Սուրեն Մանուկյանի մեղավորության մասին։

Փաստաբանի խոսքով՝ հաջորդ դատական նիստը կկայանա հունվարի 29-ին։

Հերմինե Զեյնալյան