կարևոր
4243 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-28 14:11
Քաղաքական

Համագործակցության հուշագիր՝ Արցախի երեք քաղաքական ուժերի և «Համախմբում» շարժման

Համագործակցության հուշագիր՝ Արցախի երեք քաղաքական ուժերի և «Համախմբում» շարժման

Մայիսի 24-ին Երևանում և Ստեփանակերտում ստորագրվել է «Հանուն Արցախի փրկության» համագործակցության հուշագիր «Համախմբում» շարժման, Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության, Հայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի կառույցի և Արցախի ժողովրդավարական կուսակցության միջև.

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերներին դիմագրավելու համար մեկտեղված կարողությունների ձևավորման խիստ անհրաժեշտությունը և գիտակցելով խնդիրների լուծման հրատապությունը, մասնավորապես՝

— հաղթահարել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների առջև կանգնած գոյութենական մարտահրավերները,

— կանխել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների վերջնական կապիտուլյացիան և պետականության ոչնչացումը,

— դուրս բերել Հայաստանի և Արցախի Հանրապետությունները ներկայիս անվտանգային ճգնաժամից,

— հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու Արցախի ինքնորոշումը պաշտպանելու հանձնառությանը, համաձայնության եկան համատեղ քաղաքական գործունեություն ծավալելու մասին:

Ըստ այդմ՝ «Համախմբում» շարժումը, ԱՀ «Արդարություն» կուսակցությունը, Հայ Հեղափոխական Դաշնակցության Արցախի կառույցը, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը.

ա) արձանագրում են, որ Արցախի Հանրապետությունը կայացած պետություն է, և այս փաստն անբեկանելի իրողություն է,

բ) փաստում և արձանագրում են, որ միավորված գործունեությունը հիմնված է լինելու Հայաստանի և Արցախի շահերի գերակայության սկզբունքի վրա և նպատակ ունի ապահովել Հայաստանի և Արցախի երկարատև ու կայուն փոխգործակցությունը,

գ) անհրաժեշտ քաղաքական և այլ նախաձեռնությունների ներդաշնակեցման, կապի ամրապնդման և համատեղ իրականացվելիք գործողություններն ապահովող քայլերը համաձայնեցնելու համար նպատակ ունեն իրականացնել փոխգործակցություն Հայաստանի և Արցախի տարածքում՝ նպաստելով հայկական երկու պետություններում ճգնաժամերը հաղթահարելու համատեղ գործունեության արդյունավետության բարձրացմանը,

դ) համախմբված գործունեության (այդ թվում՝ քաղաքական կամ հասարակական նոր ուժերի ներգրավման) վերաբերյալ որոշումները կկայացնեն փոխադարձ համաձայնությամբ:

Սույն Հուշագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և դրա գործունեությունը կարող է դադարեցվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ կամ նրանցից մեկի նախաձեռնությամբ։

«Համախմբում» շարժում

Արցախի «Արդարություն» կուսակցություն

Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցություն

Արցախի ժողովրդավարական կուսակցություն