կարևոր
6505 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-15 19:35
Քաղաքական

Փաշինյանը կատարում է առանձնապես ծանր հանցագործություններ. ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարությունը

Փաշինյանը կատարում է առանձնապես ծանր հանցագործություններ. ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարությունը

Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 1991 թ. Ալմա-Աթայի Հռչակագրի հիման վրա՝ 86.6 հազար քառ. կմ տարածքով։

Հայտարարությունը տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նկատմամբ ուժի շարունակական կիրառման և ագրեսիայի, ինչպես նաև արցախահայության տեղահանության, էթնիկ զտման և ցեղասպանության ենթարկելու ահագնացող սպառնալիքների պայմաններում:

Այս հայտարարությունը կատարվել է անտեսելով հետևյալ հանգամանքները.

1. Հաշվի չեն առնվել և չեն հիշատակվում ԱՊՀ ստեղծման մասին Համաձայնագրի վավերացման ժամանակ Ալմա-Աթայի՝ ԱՊՀ ստեղծման մասին Համաձայնագրին կից Արձանագրությամբ նախատեսված իրավասությամբ Հայաստանի Հանրապետության կողմից արված վերապահումները:  

2. Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը չի ներառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը. վերջիններս ԽՍՀՄ-ից անկախացել են տվյալ պահին գործող օրենսդրական ընթակարգերին համապատասխան: Ավելին՝ Ադրբեջանն իր անկախությունը հայտարարել է 1918-1920 թթ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդության հիման վրա, որի կազմում Լեռնային Ղարաբաղը չի եղել:

3. Արհամարհվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ միջազգայնորեն ճանաչված հիմնական ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ ամրագրված և բազմիցս հայտարարված սկզբունքները, ինչպես նաև Հայաստանի և  ԵՄ միջև կնքված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»:

4. Նիկոլ Փաշինյանը իրավասու չէ տալ համաձայնություն՝ առանց հայկական կողմի վերապահումներին հղում կատարելու, անտեսելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, խախտելով Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը, Սահմանադրությունը, ինչպես նաև Հայաստանի Գերագույն խորհրդի 1992 թ. հուլիսի 8-ի որոշմամբ ստանձնած հանձնառությունները, այդ թվում՝ այն, որ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն կնշվի Ադրբեջանի կազմում:

5. Հայաստանի ներպետական օրենսդրության նշված պահանջները ապօրինի շրջանցելով, առանց Արցախի համաձայնության վերջինիս անունից և վերաբերյալ որևէ համաձայնություն տալով Նիկոլ Փաշինյանը վերազանցում է իր լիազորությունները, օժանդակում է Արցախի հայաթափման և արցախահայության հայրենազրկման ալիևյան ռեժիմի քաղաքականությանը, առերևույթ կատարում է առանձնապես ծանր հանցագործություններ: Բացի այդ, Նիկոլ Փաշինյանի կողմից ի հակառակ իր, ինչպես նաև իր իսկ կողմից գլխավորած քաղաքական ուժի նախընտրական և ձևավորած կառավարության ծրագրերի, որևէ հայտարարություն կամ գործողություն լեգիտիմ չէ և անխուսափելիորեն առաջացնելու է քաղաքական, բարոյական և իրավական կոնկրետ հետևանքներ:

Առ այդ, վերը նշված հանգամանքների ներքո տրված համաձայնությունները (նախատեսվող պայմանագրերը) Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիենայի կոնվենցիայի ուժով առոչինչ են:

Դիմելով միջազգային հանրությանը՝ կոչ ենք անում մասնակից չդառնալ և թույլ չտալ 21-րդ դարի մարդկության դեմ ուղղված հերթական միջազգային հանցագործությունների իրականացմանը:

Սիրելի՛ արցախցիներ, սիրելի՛ հայրենակիցներ, չե՛նք հաշտվում, չե՛նք հանդուրժում: Ինքնորշումն Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքն է, որը չունի այլընտրանք։

Միասնական պայքարով և ազգային համաձայնությամբ հաղթահարենք հայոց պետականությանն ուղղված գոյութենական սպառնալիքը։ 

                                                                                                                        

15.05.2023 թ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին