Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Սյունիքի մարզի Տեղ գյուղ, որի սահմաններից դուրս՝ դեպի Բերձոր ճանապարհը փակ է ոստիկանների կողմից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։
«Մեզ տեղեկացվեց, որ հրաման կա որեւէ մեկին այդտեղից չթողնել անցնել, ենթարկվեցինք իրավապահների պահանջին։ Բայց Տեղ գյուղից անզեն աչքով էլ երեւում էր թշնամու առաջխաղացումը, ինժեներական աշխատանքների կատարումը։ Այդ առումով հստակ էր մի բան. երեկ ԱԱԾ–ը հինգ կետով հաղորդագրությունը՝ 100–ից 300 մետր առաջխաղացման մասին՝ ամբողջությամբ չի արտահայտում կամ ավելի ճիշտ՝ մանիպուլացնում է իրավիճակը։ Մենք ցավով ենք արձանագրում դա, բայց երեկ Կառավարության նիստին վարչապետի աթոռը զբաղեցնողի շատ հանգիստ հայտարարությունը, թե ապրիլի մեկից նոր ճանապարհ է լինելու, իսկ հասարակական արձագանքի ահազանգից հետո ԱԱԾ–ի հաղորդագրությունն էլ կես ճշմարտություն է արտահայտում այդ ամենի մասին։ Իրականում որոշակի կառույցների անգործության հետեւանքով, չծրագրված աշխատանքի հետեւանքով թշնամին հանգիստ առաջխաղացում է ունեցել»,– ասել է Գեղամ Մանուկյանը։
Հիշեցնենք՝ Արցախի Ներքին գործերի նախարարությունը երեկ՝ մարտի 30–ին, հաղորդեց, որ Ադրբեջանի զինուժը գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո եւ Տեղ գյուղերի արանքում։
Կառավարության նիստին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե նախօրեին իրենք ադրբեջանական կողմին տեղեկացրել են, որ, համաձայն պայմանավորվածության, Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն ՀՀ տարածքով ու որ ՀՀ սահմանապահ զորքերը ստանձնելու են այդ հատվածում ՀՀ պետական սահմանի պահպանությունը։
ԱԱԾ–ն, իր հերթին, մանրամասներ հայտնեց, հաղորդելով, որ համաձայն 2022թ. օգոստոսին ձեռք բերված պայմանավորվածությունների, 2023թ. ապրիլի 1-ից ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքը պետք է ավարտվի Կոռնիձորի կամուրջին: ՀՀ տարածքը Լաչինի միջանցքին կապող երթուղին ապրիլի 1-ից պիտի անցնի Կոռնիձոր-Տեղ երթուղիով՝ միայն ՀՀ տարածքով: