Փոխարժեքներ
06 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Սա է «5-րդ շարասյուն» փնտրող թուրքական վեցնոցի իրական պատկերը։
Երեկ ձեզ ներկայացրել եմ փաստեր, թե ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը դավաճան՝ հիմնվելով 44-օրյա պատերազմի նախընթաց շրջանում ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացների, Նիկոլ Փաշինյանի միտումնավոր սխալների, հիմարությունների, պատերազմի ընթացքում ցուցաբերած հիմնական դավաճանական աստիճանի տգետ կամ դիտավորյալ որոշումների վրա:
Ուզում եմ շարունակել հիմնավորումներս և ապացուցել ձեզ, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է նաև նոյեմբերի 9-ից հետո:
Եվ այսպես ՝ Նիկոլ Փաշինյանը դավաճան է 2020-ի նոյեմբերի 9-ից հետո, որովհետև.
1. Միայն դավաճանը, ով դարձավ պարտության ոչ այնքան սիմվոլ (Մարուքյան Էդմոնի ականջը կանչի), որքան պատճառ, կարող էր շարունակել ջանքեր գործադրել կառավարման ղեկին մնալու համար:
2. Միայն դավաճանը կարող էր դա իրականացնելու համար դիմել այնպիսի սադրանքների, որոնք փոխանակ միախմբեին հանրությանը և հանեին սթրեսից, առավել գրգռեցին առանց այն էլ սթրեսի մեջ գտնվող հայ հասարակությանը՝ բերելով առավել մեծ բևեռացման և անարդարության խորացող զգացումի:
3. Միայն դավաճանը կարող էր աշխարհաքաղաքական շահերի սպասարկման շղթայում ընդգրկել սեփական ճղճիմ շահն ու երկիրը տանել անիմաստ արտահերթ ընտրությունների:
4. Միայն դավաճանը կարող էր այդ ընտրությունների նախաշեմին հանդես գալ խոստումներով, որոնք, ի սկզբանե գիտեր, որ չի կատարելու:
Մասնավորապես Արցախի հարցով ՝ ինքնորոշման իրավունք, դեօկուպացիա և այլն:
5. Միայն դավաճանը կարող էր իր քաղաքական գոյությամբ ընտրություններից հետո «լեզու դնել» Ադրբեջանի նախագահ Ալիևի բերանը, որ նա ստացել է «կապիտուլյացիայի մանդատ», որ հայ ժողովուրդը մարսել է նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան և չարաբաստիկ ուղերձ հղել միջազգային հանրությանը հայ ժողովրդի անունից առ այն, որ 680 000 թվագրված «կողմ» ձայներով այս ժողովուրդը պատրաստ է 21-րդ դարում քաղաքական պատմության մեջ մտնել որպես միակ և բացառիկ անթասիբ ազգ:
6. Միայն դավաճանը կարող էր միջազգային որևէ ատյանում չբարձրաձայնել 44-օրյա պատերազմում ադրբեջանա-թուրքական ագրեսիայի իրավական և պատժամիջոցային հետևանքների մասին հարցը:
7. Միայն դավաճանը կարող էր որևէ միջազգային ատյանում որևէ ջանք չգործադրել Ադրբեջանին ու Թուրքիային «նեղելուն» ուղղված:
8. Միայն դավաճանը կարող էր մոռացության մատնել միջազգային կառույցների կողմից արձանագրված՝ Թուրքիայի՝ Մերձավոր Արևելքից գրոհայիններ բերելու փաստը:
9. Միայն դավաճանը կարող էր ներել Ադրբեջանի ռազմական հանցագործությունները և որևէ գործնական քայլ չձեռնարկել միջազգային պատժիչ մեխանիզմներ գործադրելու համար:
10. Միայն դավաճանը կարող էր նպաստել ադրբեջանական քաղաքականությանը՝ համաձայնելով որոշ միջնորդների մոտեցումներին, օրինակ ՝ վերացնելու «Լեռնային Ղարաբաղ» հասկացությունը փաստաթղթերից:
11. Միայն դավաճանը «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը» կարող էր փոխարինել «ԼՂ հայ բնակչության իրավունքներ և անվտանգություն» եզրույթով:
12. Միայն դավաճանը կարող էր Արցախի ժողովրդի անվտանգության և ապագայի պատասխանատվությունն ի հակառակ իր իսկ կառավարության ծրագրի ՝ գցել այլոց, մասնավորապես ՝ Ռուսաստանի «գրպանը»:
13. Միայն դավաճանը կարող էր Արցախի ժողովրդին պարբերաբար «հաթաթաներ» տալ և հանդուրժել «120. 000-ն ընդդեմ 3 միլիոնի»՝ սեփական թիմի գեներացրած պառակտիչ ու թուրքական քարոզչական թեզերը:
14. Միայն դավաճանը կարող էր Հայաստանը դարձնել գեոպոլիտիկ գիգանտների բախման մարտաբեմ:
15. Միայն դավաճանը կարող էր աշխարհաքաղաքական այս լարվածության ֆոնին խնդրի սառեցմանն ուղղված ջանքեր գործադրելու, աշխարհաքաղաքական խաղերի մեջ չմտնելու, այլ՝ ՄԽ համանախագահների ինստիտուտի ճակատագրի վերջնական որոշմանը սպասելու փոխարեն մտնել սեպարատ բանակցությունների մեջ:
16. Միայն դավաճանը կարող էր նոյեմբերի 9-ի խայտառակ պարտությունից հետո ջախջախված բանակի նկատմամբ դրսևորել պակաս գուրգուրանք և փաղաքշանք, քան ոստիկանության նկատմամբ, որի ծառայողներին բաժին հասած պարգևավճարների և նյութական ապահովության մասին հայ զինվորներն ու սպաները կարող էին միայն երազել:
17. Միայն դավաճանը կարող էր պարտությունից հետո 2 տարի միջոցներ չհատկացնել սպառազինության ձեռքբերմանը և բանակի կենցաղային պայմանների բարելավմանը:
18. Միայն դավաճանը կարող էր նոյեմբերի 9-ից հետո համաձայնել և սեփական թիմակիցների գարշահոտ շուրթերով հիմնավորել, որ GPS-ով դելիմիտացիան և դեմարկացիան OK է:
19. Միայն դավաճանը կարող էր այդքան հեշտությամբ հանձնել ու հրաժարվել Գորիս-Կապան ճանապարհից:
20. Միայն դավաճանը կարող էր պատերազմից հետո իր թիմի տարբեր այլ անդամների հետ միասին հանդուրժել, խրախուսել ու մասնակցել բազմաթիվ կոռուպցիոն ռիսկերի:
21. Միայն դավաճանը կարող էր հանրային համերաշխության մթնոլորտի փոխարեն ( իր սադրիչ, քաղաքական նկատառումներից ելնելով) իրավապահ համակարգի չարաշահման գործողություններով էլ ավելի պառակտել հասարակությանը:
22. Միայն դավաճանը կարող էր շարունակաբար քանդել ազգային ինքնության հենասյուները ՝ եկեղեցի, ընտանիք, բարոյականություն և այլն:
Դավաճանություն էր նաև՝
* նոյեմբերի 9-ի հայտարարությամբ չնախատեսված՝ 200 քառ կմ Կուբաթլիում և Զանգելանում զիջելը,
* ադրբեջանական ռազմագերիներին և պատերազմի հետ կապ չունեցող սպանություններ գործած անձանց «ափալ-թափալ» մինչև վերջին հայ ռազմագերու վերադարձը հանձնելը,
* ռազմագերիների հարցը «բրախելը»,
* մոտ 100 չնույնականացված և չհուղարկավորված մարմին ունենալը,
* հայ-ադրբեջանական շփման գծում բանակին նվազագույն պայմաններով չապահովելը,
* ՄԽ հիմնարար սկզբունքներից հրաժարվելը և «չխմած» Ալմաթայի 91 թվականի հռչակագիր «մեյդան» բերելը,
* Ալիևի թե՛ անձնական վիրավորանքներին, թե՛ քաղաքական լկտիություններին չպատասխանելը:
Ինչպես տեսնում եք՝ Նիկոլ Փաշինյանի դավաճանության մասին ապացույցներն ու վկայություններն ավելի քան բավարար են ինչպես մինչև 44-օրյա պատերազմն ու պատերազմի ընթացքում, այնպես էլ ՝ հատկապես պատերազմից հետո:
Սա է «5-րդ շարասյուն» փնտրող թուրքական վեցնոցի իրական պատկերը»։