կարևոր
6319 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-21 20:29
Արցախ

Շրջափակման 100-րդ օրը Ստեփանակերտում ՀՅԴ ԱԵՄ-ի նախաձեռնությամբ ակցիա է կազմակերպվել

Շրջափակման 100-րդ օրը Ստեփանակերտում ՀՅԴ ԱԵՄ-ի նախաձեռնությամբ ակցիա է կազմակերպվել

Արցախը շրջափակման մեջ է 100 օր։ Թշնամի Ադրբեջանն արդեն 100 օր է, ինչ չի կարողանում հասնել  իր դավադիր նպատակներին՝ հայաթափել Արցախն ու գրավել այն։ 2020թ․ դաժան պատերազմից հետո թեև վիրավոր, սակայն Արցախի սիրտը բաբախում է, իսկ դա նշանակում է, որ արցախցին պայքարում է։

Սննդի, դեղորայքի, վառելիքի, էլեկտրականության ու գազի բացակայության պայմաններում է արցախցին ապրում։ 3 պատերազմի բովով անցած, բազմաթիվ զրկանքներ ու դաժանություններ տեսած արցախցու կամքն անկոտրում է։ Արցախցին հավատարիմ է իր ընտրած պայքարի ուղուն։

Եվ այսօր, Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման ցեղասպանական քաղաքականության 100-րդ օրը Արցախի երիտասարդները ևս մեկ անգամ ցույց են տալիս իրենց հաստատակամությունը՝ այս հողում ապրելու ու արարելու՝ ի հեճուկս համայն աշխարհի և բոլոր դժվարությունների։

2023թ․ մարտի 21-ին ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպել է ակցիա՝ վերահաստատելու այդ կամքը, արցախցու ձայնը լսելի դարձնելու համայն աշխարհին,  պայքարի վճռականությունը արտահայտելու և հայ ժողովրդի միասնական կամքն ապացուցելու համար։

Այսօր աշխարհի շատ երկրներում, որտեղ կան դաշնակցական կառույցներ և երիտասարդական, ուսանողական և պատանեկան միություններ, նմանատիպ ակցիաներ են տեղի ունենում, փաստելով, որ դաշնակցական երիտասարդները դիվանագիտական մակարդակով, հանրային բեմերում չեն մոռացել Արցախը և ամեն առիթով միջազգային հարթակներում ներկայացնում են Հայ դատն ու հայկական պահանջատիրությունը։ Այսօր խորհրդանշական օր է, պայքարի 100-րդ օրը։ Արցախը դիմակայում է և իր դիմակայությամբ թշնամուն ոչ է ասում՝ պարտադրելով հարգանք և ակնածանք։