կարևոր
3535 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-18 09:21
Քաղաքական

ՔՊ-ն երկու ճանապարհ ունի. ի՞նչ է սպասվում հրաժարականից հետո. «Ժողովուրդ»

ՔՊ-ն երկու ճանապարհ ունի. ի՞նչ է սպասվում հրաժարականից հետո. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ինչպես եւ սպասվում էր, քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը երեկ երեկոյան հրաժարական տվեց:

Իր հեռանալու մասին հայտարարությունը նա արեց Երեւանի քաղաքապետարանում հրավիրած գործակարգավարական նիստի ընթացքում՝ հավելելով, որ շարունակելու է մնալ քաղաքական թիմի անդամ:

Ակնհայտ էր, որ հրաժարականի մասին հայտարարելիս Սարգսյանը բավականին հուզված էր, խոսելու ընթացքում կուլ էր տալիս տառերը, շնչակտուր էր խոսում։

«Ժողովուրդ» օրաթերթի հավաստի տեղեկություններով՝ Հրաչյա Սարգսյանի այս որոշումը անակնկալ է եղել ինչպես Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ ողջ ՔՊ-ի համար:
Սարգսյանը տեւական ժամանակ կապի դուրս չի եկել ավագանու «Իմ քայլը» ֆրակցիայի իր թիմակիցների հետ, նրանց անորոշ վիճակի մեջ է դրել: Երեկ, երբ մամուլը գրեց հրաժարականի մասին, նա անհետացել էր…

Տեղեկացանք, որ արդեն նախկին քաղաքապետը մի քանի անգամ ակնարկել է իր հեռանալու մտադրության մասին, սակայն վերջնական որոշում կայացրել է այս շաբաթ, բայց թիմակիցներին հստակ ոչինչ չի ասել:
Սարգսյանի որոշումն անակնկալ է եղել անգամ Փաշինյանի համար, որն ընդամենը օրեր առաջ իր ասուլիսում, լրագրողների հարցին ի պատասխան, համոզմունք հայտնեց, որ քաղաքապետը հրաժարական չի տալու:

Ըստ էության, Փաշինյանի սրտով էլ չի եղել Հրաչյա Սարգսյանի հեռանալը, քանի որ պաշտոնավարման ողջ ընթացքում հլու-հնազանդ ենթարկվել է իրենց բոլոր որոշումներին:
Մեր տեղեկություններով՝ հենց ՔՊ թեկնածու Տիգրանն Ավինյանն է այնպիսի իրավիճակ ստեղծել քաղաքապետարանում, որպեսզի Սարգսյանն ինքնակամ հեռանա, քանի որ ինքն էլ գիտակցել է, որ, ավագանու ընտրություններին ընդառաջ, Հրաչյա Սարգսյանի վարկանիշը բարձրանում էր:

Այսպիսով, քաղաքապետի հրաժարականից հետո ՔՊ-ն երկու ճանապարհ ունի՝ կա՛մ պետք է գնա ավագանու արտահերթ ընտրությունների, կա՛մ էլ ավագանու անդամներից մեկին ժամանակավոր պաշտոնակատար ընտրի մինչեւ ավագանու հերթական ընտրություններ:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում