Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր՝ վաղ առավոտյան, Ռուսաստանը զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային։ Պայթյուններ են եղել Կիևում, Խարկովում, ինչպես նաև տարբեր մարզերում, այդ թվում՝ Դնեպրոպետրովսկում, Օդեսայում, Լվովում։ Սա մեկ ամսվա ընթացքում ռուսական ուժերի առաջին զանգվածային հարձակումն է։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ «զանգվածային վրեժխնդրության հարվածը» հասցվել է՝ ի պատասխան մարտի 2-ին Կիևի կողմից «Բրյանսկի մարզում կազմակերպված ահաբեկչական գործողության»:
«Օդային, ծովային և ցամաքային տեղակայման մեծ հեռահարության բարձր ճշգրտության հրթիռներով, այդ թվում՝ «Կինժալ» գերձայնային հրթիռային համակարգով հարվածներ են հասցվել ուկրաինական ռազմական ենթակառուցվածքի առանցքային տարրերին, ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, ինչպես նաև դրանք մատակարարող էներգետիկայի օբյեկտներին», - ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը՝ հավելելով, որ խոցվել են թիրախավորված բոլոր օբյեկտները:
Ուկրաինայի զինված ուժերի գերագույն հրամանատար Վալերի Զալուժնին իր հերթին հայտարարել է, որ ռուսական ուժերն արձակել են տարբեր տեղակայման 81 հրթիռ: Նա նաև նշել է, որ հարվածներ են հասցվել կառավարվող ավիացիոն և զենիթային հրթիռներով, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ներով: Ուկրաինայի ԶՈւ օդուժի հրամանատարության ներկայացուցիչ Յուրի Իգնատը հայտնել է, որ ռազմական գործողությունների սկզբից ի վեր առաջին անգամ է Ռուսաստանն այդքան մեծ թվով գերձայնային հրթիռներ («Կինժալ») օգտագործում:
Էներգետիկայի օբյեկտներին հասցված հարվածների պատճառով վթարային հոսանքազրկումներ են տեղի ունեցել Կիևի, Օդեսայի, Նիկոլաևի և Դնեպրոպետրովսկի մարզերում:
Կիևում հարվածների հետևանքով 2 մարդ է վիրավորվել: Լվովի իշխանությունները հայտնել են, որ հրթիռն ընկել է բնակելի գոտում, հրդեհ է բռնկվել: Հայտնի է 5 զոհի մասին: Դնեպրոպետրովսկի մարզում զանգվածային հարվածների հետևանքով 1 մարդ է զոհվել, 2-ը՝ վիրավորվել:
Ուկրաինայի ատոմակայանների օպերատոր «Էներգոատոմ» պետական ընկերությունը հայտնել է, որ գնդակոծության պատճառով ամբողջովին հոսանքազրկվել է Զապորոժիեի ատոմակայանը: