կարևոր
2794 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-03 11:20
Հասարակություն

Խախտումներ՝ սելիտրայի բաշխման գործընթացում. «Ժողովուրդ»

Խախտումներ՝ սելիտրայի բաշխման գործընթացում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կառավարության կողմից սուբսիդավորվող սելիտրայի բաշխման գործընթացի մասով մի շարք խախտումներ են ի հայտ եկել: Պարզվում է՝ գյուղացիներին նախապես չեն իրազեկել մատակարարվող պարարտանյութի գնի մասին: Արդյունքում մինչեւ գյուղացուն մատակարարվելը սելիտրայի գինը մի քանի անգամ փոփոխվեց:

Օրինակ՝ գյուղացիները մեկ պարկ սելիտրայի համար նախապես վճարել էին 9000 դրամ, հետո՝ 12000 դրամ, սակայն օրեր անց իրենցից պահանջել էին ավելացնել եւս 2000 դրամ: Ստացվում է, որ մեկ պարկ սելիտրայի համար, 9000 դրամ վճարելու փոխարեն, նրանք վճարել են 14000 դրամ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատը պետության կողմից սուբսիդավորվող սելիտրայի բաշխման գործընթացում անհամապատասխանություններ է հայտնաբերել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Էկոնոմիկայի նախարարությունը Պալատին չի ներկայացրել նաեւ սուբսիդավորման համար սահմանված 1 պարկի դիմաց սուբսիդավորման առավելագույն գնի՝ 9000 դրամի հիմնավորումները։ Չի իրականացվել պարարտանյութերի շուկայական գների ուսումնասիրություն, եւ այն չի համադրվել մատակարարների կողմից առաջարկված վաճառքի գների հետ։

Արդյունքում մատակարարների կողմից պարարտանյութի մեծածախ առեւտրի (առանձին դեպքերում՝ մինչեւ 8000 տոննա) վաճառքի գինը չի զիջել շուկայում առկա մանրածախ առեւտրի գինը՝ 1 պարկը 20.000 դրամ, իսկ առանձին դեպքերում նույնիսկ գերազանցել է այդ գինը։ Բացի այս, պարզվել է, որ մատակարարների ցանկում ներառվելու համար դիմողներից չի պահանջվել ներկայացնել մատակարարվող պարարտանյութի գնի վերաբերյալ որեւէ տեղեկություն։

Մատակարարների հետ սուբսիդավորման պայմանագրեր են կնքվել՝ չիմանալով, թե մատակարարը ինչ գնով է մատակարարելու պարարտանյութը։ Չտիրապետելով մատակարարի կողմից առաջարկվող վաճառքի գնին՝ համայնքի ղեկավարը հայտ է ներկայացրել մատակարարին պարարտանյութերի քանակի, դրա դիմաց վճարումների եւ մատակարարման ժամկետների վերաբերյալ, եւ միայն դրանից հետո մատակարարը համայնքի ղեկավարին հայտնել է պարարտանյութի վաճառքի գինը, որից հետո մատակարարվել է այն։

Փաստորեն, գյուղացիները մատակարարի ընտրության հարցում որեւէ չափորոշիչ չեն ունեցել, տարօրինակ զուգադիպությամբ ընտրել են նույն մատակարարին։ Օրինակ` Հրազդան համայնքի բոլոր 674 շահառուները ընտրել են նույն ՍՊԸ-ն։

Ամբողջությամբ հոդվածը՝ Ժողովուրդ օրաթերթի այսօրվա համարում