կարևոր
3679 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-30 16:02
Քաղաքական

Չենք կիսում Փաշինյանի տեսլականը՝ Հայաստանի եւ Արցախի վերաբերյալ

Չենք կիսում Փաշինյանի տեսլականը՝ Հայաստանի եւ Արցախի վերաբերյալ

Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ Նժդեհ Գարագավորյանը Հայաստանի համար անցանկալի անձ է ճանաչվել:

Aravot.am-ի հետ զրույցում Նժդեհ Գարագավորյանը նշեց, որ իրենց կազմակերպությունը մշտապես մասնակից է եղել Արցախում եւ Հայաստանում կարեւոր իրադարձություններին, իսկ Ֆրանսիայում հակաթուրքական եւ հակաադրբեջանական քաղաքական աշխատանք է տարել: «Մենք չենք կիսում Նիկոլ Փաշինյանի առաջարկած տեսլականը՝ Հայաստանի ապագայի վերաբերյալ, չենք կիսում Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու հեռանկարը: Մեզ համար Արցախի անկախության հարցը գերագույն եւ էական հարց է, որի վրա երբեք զիջման չենք գնա: Արցախը կարմիր գիծ է, Հայաստանը կարմիր գիծ է, եւ մենք ՀՅԴ երիտասարդական ամբողջ կառույցով պետք է պայքարենք Արցախի ու Հայաստանի անկախության համար, թեկուզ այսօր պարզ է արդեն, որ Երեւանի, ԱԱԾ-ի կողմնորոշումները այնքան էլ հայանպաստ եւ պետականանպաստ չեն»,-ասաց Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետը:

Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ պատճառաբանությամբ են իրեն անցանկալի անձ ճանաչել, Նժդեհ Գարագավորյանը այսպես արձագանքեց. «Այդ մասին ավելի ուշ հայտարարություն կլինի ՀՅԴ Գերագույն մարմնի միջոցով, բայց ես կարող եմ ասել, որ մենք տեղեկացել ենք հենց ԱԱԾ-ից: Որեւէ տվյալ չի նշվել, թե ինչ պատճառով է իմ մուտքը կասեցվում Հայաստան: Ուզում եմ նշել, որ անցյալ տարին նոր տարին նշել եմ Արցախում եւ մշտապես եղել ենք Արցախում՝ մեր մարդասիրական ծրագրերի ծիրի մեջ: Այնպես որ, զարմանալի է այդ արձագանքը: Ամեն դեպքում, մենք գիտենք, որ ճիշտ ճանապարհի վրա ենք, որեւէ զիջման չենք գնալու եւ մեր պայքարն ամբողջական իմաստով պետք է հասցնենք իր բնական հաղթական ավարտին»:

Հարցին՝ իրենից առաջ այլ դաշնակցական գործիչների մուտքն էլ է արգելվել Հայաստան, իր կարծիքով ո՞րն է այս իշխանությունների կողմից դաշնակցականներին թիրախավորելու պատճառ, մեր զրուցակիցը նշեց, որ թիրախը իսկական եւ խորքային հայրենասիրությունն է, պետականության հանդեպ մտահոգությունը, եւ իրենք չեն ցանկանում անձնականացնել այդ խնդիրները. «Մեզ համար Նիկոլ Փաշինյանով չի սկսվում եւ վերջանում վարչապետի պաշտոնն ու պետությունը: Միեւնույն է՝ մենք շարունակելու ենք մեր պայքարը: Հավանաբար, ՀՅԴ երիտասարդական ցանցի գործունեությունը խանգարում է Նիկոլին, նրա ապազգային գործունեությանը: Այս քայլերի հետեւում նաեւ շատ լուրջ ցանկություն կա նաեւ Արցախ-Հայաստան-Սփյուռք սուրբ եռամիասնությունը բաժան-բաժան անելու: Բայց չի ստացվելու, որովհետեւ մենք Հայաստանի եւ Արցախի ժողովրդի կողքին ենք, արժանապատիվ եւ հեռանկարային խաղաղության կողքին ենք: Անկախությունը մեզ համար կարմիր գիծ է, նաեւը հողային ամբողջականության առումով ոչ մի զիջման տեղ չունենք»: Քանի որ Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությունից խոսք գնաց, հարցրինք՝ արդյոք Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանն ունի Սփյուռքում հեղինակություն եւ արդյոք դերակատարություն ունի այդ եռամիասնությունն ամրապնդելու համար:

«Մեր կարծիքով, իր ազդեցությունը զրոյական է, ինքը կարողանում է պետական լծակներ բռնաբարելով նվազագույն եւ մինիմալ նիկոլական խմբեր հավաքել ու որոշ այլընտրանքային կառույցներ ձեւավորել, ինչը չի ստացվում, որովհետեւ Սփյուռքի կազմակերպություններն արդեն հարյուր տարի է գործում են, եւ շահել են տեղական պետական կառույցների հարգանքն ու ընկալումը: Նա հող չունի այստեղ գործելու, իր գործը միայն թույն թափելն է… Ի դեպ, մեզ համար զարմանալի էր իր կազմակերպած վեհաժողովը, որը, ըստ հայաստանյան լրատվամիջոցների, 700 հազար դոլար է նստել պետական բյուջեի վրա, զարմանալի է , որ այդպիսի ծախսեր են լինում, սակայն զինվորների համար չենք կարողանում նորմալ տաքանալու միջոցներ ապահովել, օրինակ` մեր բանակին անհրաժեշտ 30 հազար դոլար արժեցող անօդաչուների մասին է խոսք գնում, բայց մենք անում ենք կեղծ վեհաժողով, Սփյուռքի կեղծ վերնախավն ենք հրավիրում եւ ծախսում 700 հազար դոլար… Բանակի կողքին լինելը սա չէ, մենք բանակի կողքին ենք, իսկ այս իշխանությունները բանակին դեմ են»,-ընդգծեց Նժդեհ Գարագավորյանը: