Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում 2022 թվականին դրան նախորդող տարվա համեմատ 7%-ով աճել է այն ընկերությունների թիվը, որոնց համահիմնադիրները Ռուսաստանից են: «Արմենպրես»-ի հետ զրույցում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը նշեց, որ այս առումով 2022 թվականը կարելի է ոլորտի համար դրական տարի համարել;
«Բավականին բուռն տարի էր ոլորտում: Ներքին և արտաքին գործոններով պայմանավորված որոշակի աշխուժություն ենք ունեցել։ Ունեցանք կադրային մեծ ներհոսք։ Փորձում ենք ամեն բան անել, որպեսզի լավ պայմաններ ստեղծենք նոր եկած մասնագետներին Հայաստանում պահելու համար»,- ասաց նախարարը:
2022թ․ Ռուսաստանից Հայաստան են տեղափոխվել 50 հազար ՏՏ մասնագետներ, հայաստանյան բանկերում բացվել են 100 հազար նոր հաշվեհամարներ 40 հազար իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից։ ՏՏ ոլորտի 800 ռուսական ընկերություն է տեղափոխվել Հայաստան:
«Մասնագետներին պահելու համար ունենք աջակցության երեք ծրագիր, որոնք միտված են տեղեկատվական տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը։ Բոլոր երեք ծրագրերից կարող են օգտվել թե՛ տեղական, թե՛ արտասահմանյան ընկերությունները»,- ասաց Խաչատրյանը:
Անդրադառնալով հարկային արտոնության հավաստագիր ստանալու գործընթացին՝ նախարարը նշեց, որ 2015 թվականին օրենքի ընդունումից մինչ օրս ՏՏ ընկերություններին տրամադրվող հարկային արտոնությունից արդեն օգտվել է 2498 կազմակերպություն։
«2022 թվականն աննախադեպ է դիմումների և տրամադրված հավաստագրերի քանակով։ Եթե 2015-2021թթ. ընթացքում հարկային արտոնություն ստանալու հավաստագիր է ստացել 1074 կազմակերպություն (անհատ ձեռնարկատեր), ապա միայն 2022թ. դեկտեմբերի 13-ի դրությամբ, հավաստագրված կազմակերպությունների թիվը 1428 է:Հավաստագրված կազմակերպություններից 1279-ի հիմնադիրները այլ երկրների քաղաքացիներ են։ Աշխարհագրությունն ընդգրկուն է. Նիդերլանդներ, Ավստրիա, Ռուսաստան, Վրաստան, Շվեյցարիա, Իրան, Գերմանիա, Միացյալ Թագավորություն, Իսրայել, Հնդկաստան»,- նշեց նա։
Նախարարի համոզմամբ՝ ցուցանիշները խոսում են այն մասին, որ Հայաստանում օրենքի դաշտն ու պայմանները բարենպաստ են այն ընկերությունների համար, որոնք իրենց զարգացման հեռանկարները տեսել են հենց Հայաստանում։