կարևոր
3553 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-18 16:42
Քաղաքական

Փաշինյանը համաձայնել է օգտագործվել որպես գործիք՝ ընդդեմ Ռուսաստանի և Իրանի․ Անդրանիկ Թևանյան

Փաշինյանը համաձայնել է օգտագործվել որպես գործիք՝ ընդդեմ Ռուսաստանի և Իրանի․ Անդրանիկ Թևանյան

Գուրգեն Արսենյանը և բոլոր ՔՊ-ականները ոչ միայն հակապետական հայտարարություններ են անում,այլ ընդամենը շարունակում են Նիկոլ Փաշինյանի քարոզչությունը, այստեղ ուղղակի կան մարդիկ, որոնք փորձում են այդ կերպ հաճոյանալ իրենց առաջնորդին, բայց այստեղ գլխավոր խնդիրը իրենք են, իրենք օգտագործվողներն են։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

«Իհարկե կան մարդիկ, ովքեր էնտուզիազմով են օգտագործվում։ Իսկ գլխավոր խնդիրը Նիկոլ Փաշինյանն է, ով ակնհայտորեն որդեգրել է հակապետական այն գիծը, որի մասին մենք խոսում ենք երկար ժամանակ։ Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, վարում է մի քաղաքականություն, որը ձեռնտու է Թուրքիային։ Այսինքն հակառուսական քաղաքականություն, ռուս խաղաղապահների թիրախավորում, ռուսական ռազմաբազան Գյումրիից հանելու քաղաքականություն, մեր տարածաշրջանից Ռուսաստանին հեռացնելու քաղաքականություն։ Այս ամենը Նիկոլ Փաշինյանի գիծն է, որի դիմաց ստացել է անձնական անվտանգության երաշխիքներ դրսից, որի գինը լինելու են Հայաստանը և Արցախը, սա է ամբողջ խնդիրը։ Մենք պետք է օգտագործվող շրջանակներին տարբերենք բուն չարիքի աղբյուրից, տվյալ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանից, և թիրախավորենք Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը»,- ասաց նա։

Անդրադառնալով Լաչինի միջանցքի` մեկ ամսից ավել փակ լինելու պատգամավորը մշեց, որ Լաչինի միջանցքը փակվել է Ադրբեջանի հանցավոր գործունեության արդյունքում, բայց դրա համար հիմք է ծառայել Փաշինյանի և Ալիևի միջև Պրահայում կայացած համաձայնությունը, ըստ որի, Արցախը պատկանում է Ադրբեջանին․

«Քառակողմ հանդիպմանը, որը տեղի է ունեցել Մակրոնի և Միշելի մասնակցությամբ։ Այնտեղ ձեռք են բերել հստակ պայմանավորվածություն, որ Արցախը պատկանում  է Ադրբեջանին։ Նիկոլ Փաշինյանի այս դավաճանական վարքագծի արդյունքում փակվել է Լաչինի միջանցքը։ Սա հստակ պետք է իմանա մեր հասարակությունը։ Հետևաբար Լաչինի միջանցքի բացումը, Արցախի խնդրի կարգավորման, անվտանգության ապահովման կարևորագույն նախապայմանը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է։ Սրա համար պետք է բոլոր քաղաքական ուժերը, այն մարդիկ, ովքեր մտահոգված են Հայաստանի և Արցախի ապագայով, միավորվեն և լուծեն այս խնդիրը։ Մնացած օրակարգերը կեղծ են դառնում, որովհտեև Նիկոլ Փաշինյանը բացահայտ ցույց է տվել, թե ինչ քաղաքականություն է վարում։ Թերևս այդ թեմաներով  է զրուցել ամերիկյան  և բրիտանական հետախուզական ծառայությունների ղեկավարների հետ։ Բայց ես այստեղ ուզում եմ շեշտել, որ ոչ թե արևմուտքն է մեր հանդեպ թշնամական տրամադրված, այլ՝ արևմուտքը իր գեոքաղաքական խնդիրներն է լուծում Ռուսաստանի և Իրանի հետ և քանի որ տեսել են, որ Նիկոլ Փաշինյանը շատ հարմար հաճախորդ է, պատրաստ է օգտագործվել հանուն անձնական անվտանգության ապահովման, հանուն այդ հեռանկարի ինքը համաձայնել է օգտագործվել որպես գործիք՝ ընդդեմ Ռուսաստանի և Իրանի։ Դա նշանակում է Հայաստանի և Արցախի վերացում, սրան նա համաձայն է, որովհետև հասկանում է, որ եթե Հայաստանն ու Արցախը ի վերջո ոտքի կանգնեն, առաջ է գալու իր իրավաքաղաքական պատասխանատվություն կրելու հարցը։ Հայաստանի և Նիկոլ Փաշինյանի անձնական շահերը խիստ հակադրության մեջ են»,- ասաց պատգամավորը։

Ընդդիմադիր գործիչը կարծում է, որ Փաշինյանին հեռացնելը բարդ պրոցես չէ, երբ նա հեռացվի՝ բոլորը կհասկանան, թե ինչքան հեշտ էր այդ ամենը։ Այլ հարց է, թե մինչև հիմա ինչու չի եղել դա։

Ըստ նրա՝ Լաչինի միջանցքի բացման լուծումը ներքաղաքական դաշտում է․ «Այն խաղաթղթերը, որ Նիկոլ Փաշինայնը տվել է Ալիևին, դրանով իսկ հնարավորություն է տվել Ալիևին խախտել իր իսկ ստանձնած պարտավորությունը և շրջափակել Արցախը, զրկել է ռուս խաղաղապահներին գործելու հնարավորությունից։ Որովհետև, երբ Ալիևը և Փաշինյանը միևնույն տեսակետը ունեն Ղարաբաղի հարցով, որ դա պատկանում է Ադրբեջանին, Ալիևը ասում է ես գնացել եմ «իմ Ղարաբաղի» հետևից, միջանցքնել է իմը, Ղարաբաղն էլ է իմը, հանքավայրն էլ է իմը, այդ ամեն ինչն իմն է, հետևաբար ռուս խաղաղապահները ի՞նչ կարող են ասել։ Նրանք չեն կարող ավելի հայ լինել, քան հայերը։ Եթե Հայաստանի իշխանությունը, իսկ դա աշխարհում ընկալվում է որպես հայ ժողովուրդ, ասում է Ղարաբաղը Ադրբեջանինն է, իսկ Պրահայում Նիկոլ Փաշինյանը բացահայտ է դա ասել, համաձայնել, ստորագրել, այդ դեպքում Ռուսաստանը կամ մյուս երկրները ի՞նչ պետք է անեն։ Իրենք ընդամենը կարող են կոչեր անել, որ հումանիտար միջանցքը բացեն, իսկ ռուսներն էլ վերահսկում են, որ այս պահին Արցախում գտնվող մեր 120.000 հայրենակիցները ցեղասպանության չենթարկվեն»,- ավելացրեց նա։

Լ․Ա․