կարևոր
3475 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-23 14:07
Քաղաքական

Արցախի ուղղությամբ նախ անելիք ունի ՀՀ-ն․ Զեմֆիրա Միրզոևա

Արդեն 12-րդ օրն է՝ փակված է Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհը։ Ադրբեջանական իշխանությունների ուղիղ հրահանգով կազմակերպված այս սադրանքը, որ փորձեցին փաթեթավորել իբրև այսպես կոչված «բնապահպանական» ակցիա, Արցախի շուրջ 120 000 բնակչությանը կանգնեցրել է հումանիտար լրջագույն աղետի առաջ։ Այս մասին Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան։

«Արցախում դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս կա, կան դեկտեմբերի 12-ից ճանապարհին մնացած բազմաթիվ մարդիկ՝ երեխաներ, զոհված զինծառայողների ծնողներ ու հարազատներ, որոնք զրկված են տուն վերադառնալու, ընտանիքի հետ վերամիավորվելու հնարավորությունից։  Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը հրատապ լուծումներ է պահանջում։  Այս ուղղությամբ գործուն քայլեր են պետք՝ ընդհուպ մինչև տարբեր երկրների ու կառույցների կողմից պատժամիջոցների սահմանում։ Այս ուղղությամբ առաջին հերթին անելիք ունի Հայաստանի Հանրապետությունը, որը պիտի դաշնակից, գործընկեր երկրների հետ, միջազգային կառույցներում հետևողական ու անհապաղ աշխատանքներ իրականացնի՝ «անջատում հանուն փրկության» բանաձևի հիման վրա։ Ցավոք, նման հետևողականություն և նման աշխատանք մենք այսօր չենք տեսնում»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ ինքը Ազգային ժողովում ներկայացնում է Հայաստանի ասորական համայնքը և նշում է, որ իրենց համայնքը ևս  խիստ մտահոգված են Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձություններով․ «Ես բազմաթիվ զանգեր եմ ստանում Հայաստանում և Հայաստանի դուրս ապրող ասորիներից, որոնք ուզում են ինչ-որ բանով օգտակար լինել։ Ասորի ժողովուրդը շատ լավ է հասկանում ինչ է նշանակում ցեղասպան քաղաքականություն ու հայրենազրկում։ Այս տեսանկյունից, ցավոք, մեր ժողովուրդները շատ նման են և, կարծում եմ, առավել քան հասկանալի է ասորիների ձգտումը, ցանկությունը ինչ-որ բանով օգտակար լինել։ Հայաստանի Ազգային ժողովի այս բարձր ամբիոնից ես դիմում եմ սրտացավ ու մտահոգ ասորի ժողովրդին՝ Հայաստանում և Հայաստանից դուրս ապրող։ Սիրելի՛ ասորիներ, ձեր բնակության երկրներում, ձեր քաղաքներում բարձրաձայնեք Ադրբեջանի հանցավոր քաղաքականության, 21-րդ դարում քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ իրականացվող ցեղասպան գործունեության մասին»,- ասաց նա։

Պատգամավորը վստահություն հայտնեց, որ այս ճանապարհով թեկուզ փոքր, բայց կարևոր լումա կներդնենք Արցախի ու Արցախի բնակչության պաշտպանության, արդարության վերականգնման գործում։