կարևոր
4291 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-14 12:40
Իրավական

Մի խումբ անձինք 25.000 ԱՄՆ դոլարի դիմաց կազմակերպել են ՀՀ մի շարք քաղաքացիների անօրինական մեկնումը տարանցիկ երկրներով ԱՄՆ.ԱԱԾ (տեսանյութ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման ու քննչական դեպարտամենտների կողմից իրականացված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ մի խումբ անձինք` շահադիտական նպատակով, երկու և ավելի անձանց անօրինական միգրացիան կազմակերպելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով Երևան քաղաքում գործող տուրիստական տարբեր գործակալությունների ղեկավար կազմերի և այլ անձանց հետ, կատարելով դերերի բաշխում, յուրաքանչյուր անձի հաշվարկով մինչև 25.000 ԱՄՆ դոլարի դիմաց կազմակերպել են ՀՀ մի շարք քաղաքացիների անօրինական մեկնումը տարանցիկ երկրներով Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԱԾ լրատվության բաժինը։

«Այդ նպատակով մեկնող անձանց անվամբ պատրաստելով տարանցիկ երկիր մուտք գործելու և այնտեղ գտնվելու պատշաճ թույլտվություն ստանալու համար իրավասու մարմիններ ներկայացվելիք՝ աշխատանք ունենալու, աշխատավարձի չափի, այլ եկամուտների, մեկնող անձանց մերձավոր ազգականների մահվան վերաբերյալ կեղծ փաստաթղթեր, որոնք ներկայացվել են ՀՀ-ում և արտերկրում գտնվող իրավասու մարմիններին:

Նախաքննության ընթացքում քրեական վարույթի շրջանակներում անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խմբի անդամների բնակարաններում, ավտոմեքենաներում, ինչպես նաև տուրիստական գործակալությունների գրասենյակներում կատարված խուզարկություններով հայտնաբերվել և վերցվել են բազմաթիվ կեղծված փաստաթղթեր, փաստաթղթերի դատարկ ձևանմուշներ, օտարերկրյա պետություններ  անօրինական մուտքի թույլտվություն ստացած մի քանի տասնյակ քաղաքացիների կողմից վճարված գումարների վերաբերյալ գրառումներ պարունակող նոթատետրեր, անօրինական միգրացիայի արդյունքում ՀՀ-ից մեկնած քաղաքացիների անձնագրերի, օտարերկրյա մուտքի վիզաների լուսանկարներ, անօրինական միգրացիայի կազմակերպման ընթացքի վերաբերյալ ձայնային հաղորդագրություններ պարունակող բջջային հեռախոսներ:

Նախաքննության ընթացքում հանցավոր խմբի անդամներից 4 անձ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել է և քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել վերջիններիս նկատմամբ անօրինական միգրացիայի կազմակերպման, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր պատրաստելու, օգտագործելու, նշված հանցանքներին օժանդակելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են քննչական անհրաժեշտ գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցավոր սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ: