կարևոր
4234 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-05 17:07
Քաղաքական

Կռիվը չի ավարտվել, կռիվն այսօր այստեղ է՝ Երևանի փողոցներում․ Գոռ Սարգսյան

Երբ 1915 թվականին հայ ժողովուրդը տեսավ ցեղասպանություն, դրանից մեկ տարի առաջ Մուշի, Սասունի, Մարաշի, Վանի մեր հայրենակիցների մտքով չէր անցնում, որ մեկ տարի հետո իրենց հետ կլինի այն, ինչը որ եղավ, նրանք չէին մտածում, որ իրենց տները կկորցնեն, իրենց հարստությունը կխլեն իրենցից, կքշեն անապատներն ու կսպասնեն իրենց։  Այսօր կարո՞ղ ենք չէ ասել, որ Արևմտյան Հայաստանում «խաղաղություն» է տիրում, որի գինը եղավ 1 ու կես միլիոն հայերը, մեզ այսօր տանում են այդպիսի խաղաղության։ Այս մասին նոյեմբերի 5-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց Ապրիլյան և 44-օրյա պատերազմների կամավոր մանակից Գոռ Սարգսյան, ով պատերազմից վերադառնալուց հետո հետապնդվել և բանտարկվել է շուրջ 5 ամիս։

«Մենք այսօր ուզում ենք անվտանգություն, պաշտպանված խաղաղություն, ուզում ենք ունենանք մարտունակ ու հզոր բանակ, որ Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս կշպրտի մեր թշնամիներին, որ կպաշտպանի Արցախը և երբեք թույլ չի տա, որ անցնի Ադրբեջանի կազմ։ Պատերազմի ժամանակ, որ մեկնել էինք առաջնագիծ, երբեք մեր մտքով չի անցել զենքը վայր դնել և նահանջել, քանի որ շատ լավ գիտակցում էինք պայքարի և հաղթանակի գինը, և այսօր էլ շատ լավ գիտակցում ենք դրա գինը, քանի որ կռիվը չի ավարտվել, կռիվն այսօր այստեղ է՝ Երևանի փողոցներում, քանի որ մեր թշնամիները նույնն են մնացել, մեր թշնամիների նպատկաները նույնն են մնացել և նաև մենք ենք նույնը, մենք նույնն էինք, երբ ցեղասպանությունից հետո պետություն կերտեցինք, նույնն էինք, երբ ազգային ինքնասիրությունը վերականգնելու համար նեմեսիս իրականացրեցինք, նույնն էինք 30 տարի Արցախն ազատագրելուց, սակայն տարբեր են այն մարդիկ, ովքեր մեր  փոխարեն որոշումներ են կայացնում, մեզ ասում են, որ մենք դադարենք պայքարել։ Մեզ առաջարկում են մեր զենքը վայր դնել և նահաջնել՝ տրվելով թշնամու գթասրտությանը, բայց պատմությունից լավ գիտենք, թե ինչ է տեղի ունենալու դրանից հետո»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ հայրենիքի համար վճարված ցանկացած գին արդարացված է․«Բայց այն գինը, որ վճարվեց 44-օրյա պատրերազի ժամանակ, եթե որոշողները լինեին ուրիշ մարդիկ, մենք այդ գնով կունենայինք հաղթանակ, և ոչ թե պարտություն, ուստի պետք է արձանագրենք մի բան, որ պայքարը երբեք չի դադարելու, մենք  պայքարելու ենք Արցախի համար, Հայաստանի ինքնիշխանության համար։ Արցախը մենք ենք, Արցախը մեր ինքնասիրությունն է, մեր թասիբն ու արժանապատվությունն է»։