կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-24 12:13
Հասարակություն

ԱԳ փոխնախարարը կոստյումին փակցրեց Արցախի դրոշը, բայց հրաժարվեց ասել՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում

ԱԳ փոխնախարարը կոստյումին փակցրեց Արցախի դրոշը, բայց հրաժարվեց ասել՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում

ԱԺ ընդդիմադիր պատգամավորները, որոնք, ի վերջո, մտան ԱԳՆ շենքը, բացեցին պատուհաններից մեկն ու ողջունեցին նախարարության շենքը ժամեր շարունակ շրջափակած քաղաքացիներին։

«Պայքար, պայքար, պայքար»,- վանկարկեցին պատգամավոր Արամ Վարդևանյանն ու Արթուր Սարգսյանը։

Ընդդիմադիր պատգամավորներին ընդունեց արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։ Պատգամավոր Թադևոս Ավետիսյանն առաջարկեց նրան՝ կրել Արցախի դրոշով պիտակը, ինչին ի պատասխան Սաֆարյանը ասաց, որ Արցախի դրոշը կրելու ոչ մի խնդիր չունի, և այն փակցրեց իր հագուստին։

Պատգամավորները հարց ուղղեցին նախարարի տեղակալին, թե  ԱԳՆ-ում կա՞ մի աշխատակից, որը կարող է հայտարարել՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ «Դուք այս ճգնաժամը մեկ նախադասությամբ կարող եք հաղթահարել, պետք է միայն ասեք այդ պարզ նախադասությունը՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»,- ասաց պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Քրիստինեի այդ բառերը,  Գերագույն խորհրդի 1992 թ. որոշմամբ, իրավական ուժ ունեցող  բառացի մեջբերում է։ Դա կարծիք չէ։ Դրան հետևելը Ձեր ուղղակի պարտականությունն է»,- շարունակեց Արամ Վարդևանյանը։

«Ես սյունեցի եմ և լսեցի, որ Ալիևն ու Էրդողանն իրար հետ զրույց են ունեցել ու ասել, որ Սյունիքի միջանցքը լինելու է։ Լինելո՞ւ է, թե՞ չի լինելու»,- հարցրեց ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը։

«Դուք լսել եք ԱԳՆ հայտարարությունները, ես լսեցի ձեր մեսիջները և կարծիքները»,- արձագանքեց Մնացական Սաֆարյանը։

Հարցին, թե իրեն արգելվա՞ծ է  նման բան հայտարարել, ԱԳ նախարարի տեղակալն արձագանքեց՝ արգելված չէ։

ԱԺ պատգամավորները դուրս եկան Սաֆարյանի աշխատասենյակից և հայտարարեցին, որ նախարարի տեղակալը այդպես էլ չարտասանեց «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» արտահայտությունը։

Նշենք, որ Մնացական Սաֆարյանն ընդգրկված է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի կազմում։