կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-12 22:01
Հասարակություն

ԱԺ աշխատակազմի ղեկավարի ընկերությունը 2022-ին 13 պայմանագիր է կնքել պետական մարմինների հետ. Hetq.am

ԱԺ աշխատակազմի ղեկավարի ընկերությունը 2022-ին 13 պայմանագիր է կնքել պետական մարմինների հետ. Hetq.am

2022 թվականի ընթացքում Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանին պատկանող «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ն պետական տարբեր մարմինների հետ կնքել է ընդհանուր 13 պայմանագիր, որոնցից 4-ը «մեկ անձ» ընթացակարգով, այսինքն՝ առանց մրցույթի, գրում է Hetq.am–ը։

Պետգնումների armeps.am համակարգի տվյալներով՝ ընթացիկ տարում «Արգավանդ կահույք» ընկերության հետ կնքված պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 22,5 միլիոն դրամ։ Այդ գումարի դիմաց ընկերությունը տարատեսակ կահույք է մատակարարել պետական մարմիններին։

Նշված պայմանագրերից ամենավերջինը Վարչապետի աշխատակազմի կատարած գնումն է։ Մայիսի 6-ին ստորագրված պայմանագրով՝ մոտ 3 միլիոն դրամի դիմաց «Արգավանդ կահույքը» պարտավորվել է 5 չհրկիզվող պահարան և 25 բազկաթոռ մատակարարել։

Այս տարվա պայմանագրերից ամենախոշորը կնքվել է փետրվարի 16-ին Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետ։ Մոտ 7,5 միլիոն դրամի դիմաց ԱԺ աշխատակազմի ղեկավարին պատկանող ընկերությունը աթոռներ է մատակարարել համալսարանին։

«Արգավանդ կահույք» ՍՊԸ-ի հետ 2022-ի ընթացքում առանց մրցույթի պայմանագրեր են կնքել Հանրապետության նախագահի աշխատակազմը, Հանրային հեռուստաընկերությունը, Վիճակագրական կոմիտեն ու Սահմանադրական դատարանը։

2014թ․ հիմնադրված ընկերությունը 2018 թվականի իշխանափոխությունից հետո է սկսել ակտիվորեն մասնակցել և հաղթել պետական գնումների մրցույթներում։ Մինչ այդ «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ն ընդամենը երեք անգամ էր շահել այդ մրցույթներում։ Իշխանափոխությունից հետո «Արգավանդ կահույքի» և պետական տարբեր մարմինների միջև կնքված պայմանագրերի թիվը մոտ 180 է, իսկ դրանց ընդհանուր արժեքը գրեթե 300 միլիոն դրամ։

2018-ից սկսած պետգնումների մրցույթներին ակտիվորեն մասնակցում է նաև Վահան Նարիբեկյանի եղբորը պատկանող «Դամկար» ՍՊԸ-ն։

Վահան Նարիբեկյանը Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ընկերն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։ Ալեն Սիմոնյանի 2021թ․ օգոստոսի 3-ի կարգադրությամբ՝ նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար։ 2021-ի օգոստոսի 12-ին «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը Վահան Նարիբեկյանը փոխանցել է իր եղբորը՝ Գարիկ Նարիբեկյանին, սակայն շարունակում է հանդիսանալ ընկերության 100 % բաժնեմասի սեփականատերը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։