Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանին պատկանող «Արգավանդ կահույք» ընկերությունը շարունակում է հաղթել պետական գնումների մրցույթներում։ Նարիբեկյանի ընկերությունը կահույք է մատակարարում պետական մի շարք գերատեսչությունների։ Այս մասին գրում է «Հետք»-ը:
Կայքը նշում է. «Այս տարվա օգոստոսին գրել էինք, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ն մոտ 150 գնման պայմանագիր է կնքել պետական տարբեր մարմինների հետ։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը գերազանցում էր 250 միլիոն դրամը։ 2014թ․ հիմնադրված ընկերությունը մինչև իշխանափոխությունը ընդամենը երեք գործարք ուներ պետության հետ։
«Պետական գնումների armeps.am համակարգի տվյալներով՝ այս տարվա օգոստոսից հետո «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ն ևս 7 պայմանագիր է կնքել պետական մարմինների հետ։ Ընկերության ծառայություններից օգտվել են Վարչապետի աշխատակազմը, վարչապետին ենթակա Պետական վերահսկողական ծառայությունը, Նոյեմբերյանի համայնքապետարանը, Վանաձորի բժշկական կենտրոնը, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը և «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ն։
Այդ յոթ պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 8,3 մլն դրամ։ «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ն գրասենյակային գույք և տնտեսական ապրանքներ է մատակարարել պետական նշված կառույցներին։
«Արգավանդ կահույք» ՍՊԸ-ն Վահան Նարիբեկյանին փոխկապակցված միակ ընկերությունը չէ, որը մասնակցում և հաղթում է պետական գնումների մրցույթներում։ Մեր նախորդ հոդվածում գրել էինք, որ Նարիբեկյանի եղբորը՝ Գարիկ Նարիբեկյանի պատկանող «Դամկար» ՍՊԸ-ն էլ 2018 թվականից սկսած 60 պայմանագիր է կնքել պետական կառույցների հետ՝ ընդհանուր 70 միլիոն դրամ արժեքով։ Այս ընկերությունը ևս կահույք է մատակարարում։
Վահան Նարիբեկյանը Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ընկերն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։ Ալեն Սիմոնյանի 2021թ․ օգոստոսի 3-ի կարգադրությամբ՝ նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար։ Օգոստոսի 12-ին «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը Վահան Նարիբեկյանը փոխանցել է իր եղբորը, սակայն շարունակում է հանդիսանալ ընկերության 100 % բաժնեմասի սեփականատերը։
«Հետքի» հետ զրույցում Վահան Նարիբեկյանը նշել էր, որ նախկինում իրենց խոչընդոտում էին գնումների գործընթացին մասնակցելու համար, իսկ այժմ դաշտը ազատականացվել է։ Միևնույն ժամանակ, Նարիբեկյանը պնդում էր, որ Ալեն Սիմոնյանի հետ ընկերական հարաբերությունները իրենց համար շահեկան դիրք չեն ապահովել։ Վահան Նարիբեկյանի խոսքով՝ խորհրդարանի աշխատակազմի ղեկավար նշանակվելուց հետո դադարել է զբաղվել բիզնես գործունեությամբ»,-գրում է աղբյուրը։