կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-04 23:50
Հասարակություն

Այս իրավիճակում խիստ մտահոգիչ է Արցախի իշխանությունների կրավորական պահվածքը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Այս իրավիճակում խիստ մտահոգիչ է Արցախի իշխանությունների կրավորական պահվածքը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Հանրահավաքներին և երթերին մեր մասնակցության ընթացքում կատարված դիտարկումները թույլ են տալիս եզրահանգել, որ աշխատանքների ճիշտ կազմակերպման և որոշակի հաջողություններ գրանցելու դեպքում մասնակիցների թիվն ակնհայտորեն ունի աճման միտում: Ցուցարարների թվում կան տարբեր տարիքի, մասնագիտությունների, հիմնականում գիտակից, բարձր կրթական ցենզ ունեցող մարդիկ, ովքեր փողոց են դուրս եկել` անձերը, կուսակցական պատկանելությունը հաշվի չառնելով, զուտ Արցախի և Հայաստանի նկատմամբ խորը մտահոգությամբ պայմանավորված:

Ակնհայտ է, որ և մասնակիցները, և կազմակերպիչներն իրենց գործողություններում հաստատակամ են, համբերատար, կշռադատված, ակցիաներն անցկացնում են բացառապես խաղաղ պայմաններում, չկա ագրեսիա և զանգվածային անկարգությունների վտանգ: Միաժամանակ նկատվում է մինչև վերջ գնալու, անձնազոհության պատրաստակամություն: Հետևաբար եթե իշխանությունները շարունակեն արհամարհել, ականջալուր չլինել մարդկանց, անտեսել նրանց կարծիքը, հիմնավոր և ճիշտ մտահոգությունները, փորձեն մեզ հայտնի տարբեր եղանակներով վիժեցնել շարժումը, փողոցային խաղաղ ակցիաները ոչ վաղ ապագայում կարող են նաև դադարել: Սակայն դա չի նշանակում, որ հանրությունը կխաղաղվի, մարդիկ կհամակերպվեն և կհանդուրժեն իշխանությունների հակահայ, ապազգային քաղաքականությունը:

Փոխարենը կսկսվի ընդհատակյա գործունեություն, կզարգանա բռնությունը, ի հայտ կգան անհատներ, ուժեր, ովքեր ընդհուպ կոշտ միջոցների, անգամ զենքի գործադրմամբ կփորձեն կանխել Արցախի և Հայաստանի հողերի հանձնումը: Արդյունքում լուրջ դիմակայություն կսկսվի երկրի ներսում, ինչն անթույլատրելի և ազգակործան ճանապարհ է, քանզի ներսից թուլացնելու է երկիրը և ձեռնտու է լինելու բացառապես մեր թշնամիներին:

Առանց արտաքին ուժերի, մասնավորապես Ադրբեջանի և Թուրքիայի աջակցության, առանց զինված բախումներ հրահրելու, առանց երկրի բնակչությանը պատերազմով ահաբեկելու` իշխանությունը բռնաճնշումներով չի կարող երկար գոյատևել ու ի վերջո տեղի է տալու, քանի որ պայքարն ազգային արժեքների և հայրենիքի համար է:

Այս իրավիճակում խիստ մտահոգիչ է Արցախի իշխանությունների և հատկապես նախագահ Արայիկ Հարությունյանի կեցվածքը, պասիվությունը Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների և մասնավորապես ի շահ Արցախի ծավալվող ցույցերի նկատմամբ: Կարելի է փաստել, որ Արցախի համար մղվող պայքարում այսօր Հայաստանում բացվել է երկրորդ ճակատ և դրան մասնակից, աջակից չդառնալով` Արցախի նախագահն ու պասիվ մյուս իշխանավորներն ուղղակի դասալիքների և պաշտոններից կառչած կամակատարների են վերածվում:

Արդյո՞ք Արայիկ Հարությունյանը և մյուսները գիտակցում են, թե ինչ կլինի վաղը Արցախի հետ, եթե այս շարժումը դադարի, թե՞ պատկերացնում են, որ սա միայն ներհայաստանյան խնդիր է: Եթե այդպես են մտածում, այդպես են ուզում, ուրեմն առնվազն անազնիվ են հայաստանցիների ու Սփյուռքի նկատմամբ: Նրանք այստեղ ու այնտեղ կարծիք են հայտնում, թե իբր չեն ուզում խառնվել Հայաստանի ներքին գործերին, այդ դեպքում ինչո՞ւ էին հանդուրժում, մարտի կանչում մեր հազարավոր տղաներին. չէ որ Արցախ գնալով` նրանք, ըստ էության, խառնվում էին իրենց ներքին գործերին:

Հասկանալի է, որ լռությամբ և պասիվությամբ այս պաշտոնյաներն իրենց ահռելի հարստությունը պահպանելու խնդիրն են լուծում, բայց գոնե համարձակություն պետք է ունենան հրապարակավ բարձրաձայնելու, ասելու, որ դեմ չեն Ադրբեջանի կազմում ապրելուն, այլապես ստացվում է, որ հայաստանցիները և Սփյուռքը ինքնախաբեությամբ են զբաղված ու նրանց փոխարեն և կամքին հակառակ են պայքարի ելել:

Արայիկ Հարությունյանը հազարավոր մեր զոհերի և մարտնչած տղաների առջև պարտավոր է լինել ցույցերը գլխավորողների շարքերում, քանի որ դրանք առաջնահերթ ծավալվում են Արցախի գոյատևման, հետևաբար անձամբ նաև իր համար, հակառակ պարագայում պետք է բացեիբաց հայտարարի, որ դեմ է շարժմանը և կողմ է Նիկոլ Փաշինյանի պրոթուրքական քաղաքականությանը (գոնե վերջինս իր դիրքորոշումը հստակ ու ազնվորեն հայտնել է), որի գինը հիմնականում Արցախն է:

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ