կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-29 20:52
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մայիսի 1-ից սկսում ենք մեր պայքարի վերջնական եւ կարևոր փուլը․ Իշխան Սաղաթելյան

Օրվա իշխանությունների այն հույսերը, որ այլեւս հայ ժողովուրդին Արցախը չի հետաքրքրում եւ կմարսեն այն ապօրինությունը, որն անելու են, արդեն հօդս է ցնդել՝ ըստ  Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Երևանի Արամ Մանուկյանի արձանի մոտից մեկնարկած «Դիմադրություն» շարժման իրազեկման երթի ժամանակ։

«Ժողովուրդը ոտքի է կանգնել, պատրաստ է պաշտպանելու իր իրավունքները, Արցախը, Հայաստանը։ Այլեւս իրենք չեն տիրապետում իրավիճակին, առաջիկա օրերին շատ հստակ իրենց մաշկի վրա կտեսնեն, կզգան։ Ժողովուրդն անվտանգություն է ուզում, բարեկեցություն, ուզում է հայրենիք ունենալ ու քաջ գիտակցում է, որ այստեղ Հայաստանի լինելիության հարցն է, դրա համար ոտքի է կանգնել, մենք գնալու ենք մինչեւ վերջ»,- ասաց նա։

Անդրադառնալով լուրին, թե վաղն իշխանությունները նախատեսում են Քաղաքացու օրվա առիթով ակցիա կազմակերպել և հնարավոր է բախումներ լինեն՝ Իշխան Սաղաթելյանն ասաց. «Նիկոլն ունի մեկ հենարան՝ ոստիկանությունը, որն էլ կարճ ժամանակ հետո կհասկանա, որ ամեն ինչ վերջացած է։ Ի՞նչ բախում լինի, ժողովրդի ուժն անկասելի է։ Ես չեմ բացառում, որ իրենք սադրանքների դիմեն, բայց պետք է հաշվի նստեն ժողովրդի հետ, անցնցում, խաղաղ, որքան հնարավոր է արագ հեռանան»։

Իշխանությանը հեռացնելու ուղղությամբ ի՞նչ քայլերի է պատրաստվում դիմել ընդդիմությունը՝ հարցին, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Մայիսի մեկից մենք սկսում ենք մեր պայքարի վերջնական եւ կարեւոր փուլը»։

Նշենք, որ ապակենտրոն, ցանցային «Դիմադրություն» շարժման պայքարի շրջանակում ապրիլի 25-ից իրազեկման ակցիաներ են տեղի ունենում Երևանի տարբեր հատվածներում։ Զուգահեռ խորհրդանշական 4 վայրերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից ու Ապարանից արժանապատիվ քաղաքացիները քայլերթերով շարժվում են դեպի Երևան, որպեսզի մայիսի 1-ին ժամը 16։00 միանան համընդհանուր հանրահավաքում։

Մանրամասն՝ տեսանյութում․