կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-15 11:30
Հասարակություն

Կառավարությունը մերժեց ՀՀ քաղաքացիությունը վերականգնելու ընթացակարգը պարզեցնելու վերաբերյալ օրենքի նախագիծը

Կառավարությունը մերժեց ՀՀ քաղաքացիությունը վերականգնելու ընթացակարգը պարզեցնելու վերաբերյալ օրենքի նախագիծը

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 15-ի նիստում հավանություն չտվեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխությունների նախագծին:

Նախագծով նախատեսվում է փոփոխություններ կատարել ՀՀ քաղաքացիության վերականգնման կարգը նախատեսող հոդվածում՝ հիշյալ ընթացակարգը պարզեցնելու նպատակով՝ նախատեսելով քաղաքացիության վերականգնման հիմքերի, այդ հարցը լուծող սուբյեկտների և ժամկետների վերաբերյալ նոր կարգավորումներ:

Նախագծի վերաբերյալ Կառավարության առաջարկության մեջ նշվում է.

«Օրենքի նախագծի ընդունումը խնդրահարույց է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 14-րդ հոդվածի մեկնաբանման տեսանկյունից:

ՀՀ քաղաքացիություն շնորհելու (այդ թվում՝ վերականգնելու) և ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը ենթակա են լուծման ՀՀ նախագահի կողմից և հանդիսանում են նրա բացառիկ սահմանադրական լիազորությունը, ուստի հարկ է նշել, որ քաղա-քացիության շնորհման դեպքերի և ընթացակարգի ցանկացած փոփոխության պարագայում ՀՀ քաղաքացիություն կարող է շնորհվել բացառապես ՀՀ նախագահի հրամանագրով:

ՀՀ քաղաքացիությունը վերականգնելու վերաբերյալ որոշման ընդունումը, միայն ԱԱԾ-ի կողմից տրված դրական եզրակացությամբ պայմանավորելը խնդրահարույց է, և տվյալ պարագայում ամբողջությամբ չի ապահովվի օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ պարբերությամբ սահմանված՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումի մերժման տարբեր հիմքերի առանձնակի պարզաբանումը: Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով քաղաքացիությունը դադարեցնելը, անկախ ԱԱԾ դրական եզրակացությունից, արդեն իսկ բավարար է ՀՀ քաղաքացիությունը վերականգնելը մերժելու համար, քանի որ այն նախկինում ձեռք է բերվել կեղծ փաստաթղթերի կամ կեղծ տվյալների հիման վրա:

Բացի այդ՝ նախագծով առաջարկվում է սահմանել դիմումի վերականգման հստակ ժամկետ, այն է՝ դիմումը լիազոր մարմնի կողմից ստանալուց հետո մեկամսյա ժամկետում, մինչդեռ հարկ է նշել, որ կարգի դրույթներով սահմանված են եզրակացությունների տրամադրման ժամկետներ՝ օրենքով սահմանված առանձին փաստերի ստուգման համար, իսկ կարգի 21-րդ կետով նաև նախատեսված է կարգավորում, համաձայն որի՝ լրացուցիչ տեղեկություններ ստանալու անհրաժեշտության դեպքերում Ազգային անվտանգության ծառայությունը եզրակացությունը ներկայացնելու ժամկետը կարող է երկարաձգել մինչև 15 օրով:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ նախագծով նախատեսվող՝ քաղաքացիության վերականգնման իրականացման համար դիմումը լիազոր մարմնի կողմից ստանալուց հետո 1-ամսյա ժամկետի սահմանումը ողջամիտ չէ:

Ամփոփելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ բարձրացված խնդիրների համա¬տեքստում՝ անհրաժեշտ է ձեռնպահ մնալ նախագծի ընդունումից»: